Մայրական կաթը էներգիայի իդելական աղբյուր է . Աննա Դանիելյան

Կրծքով կերակրելու մասին բազմիցս խոսել են թե ՛ մասնագետները, թե՛ մայրերն իրենք, սակայն մշտապես յուրաքանչյուր առաջին անգամ մայրացող կնոջ համար կան հարցեր , որոնք անհագստություն են պատճառում: Եվ որքան էլ թվա, թե բոլոր հարցերը պարզաբանված են, սակայն հաճախ ենք հանդիպում տարրական սխալների, որոնք էլ հանգեցնում են ոչ ցանկալի հետևանքների: Այսօր ժամանակակից թվացող կանայք խուսափում են կերակրել երեխային կրծքով՝ բազմաթիվ պատճառներ առաջ քաշելով, սակայն դրանք շփոթության մեջ են գցում այն կանանց, ովքեր խնդիր չունեն կերակրման հետ, բայց սկսում են երկմտել և արհեստականորեն հրաժարվում են իրենց երեխային կրծքով կերակրելու մեծագույ հաճույքից: Պատճառների և դրանց հետևանքների մասին զրուցել ենք մանկաբույժ Աննա Դանիելյանի հետ:
-Բժի՛շկ Դանիելյան, կրծքով կերակրման վերաբերյալ տարբեր կարծիքներ կարող ենք լսել, արդյոք անհրաժեշտ է, թե ոչ երեխային կրծքվ կերակրել և ինչո՞ւ:
-Շատ հաճախ կանայք հրաժարվում են կերակրել կրծքով, պատճառաբանելով որ փոխվում է կրծքի ձևը՝ այն տգեղանում է: Սակայն ավելի մեծաքանակ մայրեր քաջ գիտակցում են կրծքով սնուցման անգնահատելի դերը երեխայի կյանքում և կերակրում են կրծքով: Ի շնորհիվ կրծքով վաղ կերակրման՝ ապահովվում է նորածնի հակաինֆենկցիոն պաշտպանությունը և նվազեցվում է նորածինների մահացությունը: Կրծքով սնուցման պաշտպանիչ ազդեցությունը ստամոքս-աղիքային ինֆեկցիաներից դիտվում է ոչ միայն զարգացող, այլև արդյունաբերական զարգացած երկրներում:
–Ի՞նչ առավելությունն էր տալիս երեխաին ոչ թե կովիկի կամ արհեստական կաթիկից, այլ մայրական կաթից սնվելը:
Մայրական կաթը նաև էներգիայի և սնուցող նյութերի աղբյուր է հիվանդության ժամանակ. այն նպաստում է մահացության նմազմանը այն երեխաների մոտ, ովքեր անբավարար են սնուցված: Կրծքի հասակում մայրական կաթ կերած երեխաները հասուն տարիքում ավելի հազվադեպ են ունենում հավելյալ քաշ կամ ճարպակալում: Երեխաները և դեռահասները, ովքեր ևս կրծքով են կերակրվել ժամանակին, ցուցաբերում են ինտելեկտուալ զարգացման ավելի բարձր ցուցանիշներ: Կրծքով սնուցումը նաև ամրացնում է մայրական առողջությունն ու հուզական ոլորտը. նվազեցնում է ձվարանի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկերը, բացի այդ, այն հղիության կանխման բնական (թեև ոչ հուսալի) եղանակ է` հայտնի որպես լակտացիոն ամենոռեա:
-Կնոջ համար ի՞նչ խնդիրներ է առաջացնում կերակրամն ընթացքը, որ պատճառով էլ հաճախ կանայք հրաժարվում են երեխային կերակրել կրծքով:
Կրծքով կերակրումը չունի ոչ մի բացասական կողմ երեխայի և մոր առողջության համար իհարկե կան մի շարք դժվարություններ որոնց առաջ կանգնում է կրծքով կերակրող կինը: Մոր կողմից կերակրման դժվարություններ կարող են լինել ՝
Հիպոգալակտիա – լակտացիայի ընթացքում կաթնագեղձերի գործունեության իջեցում: Այն լինում է վաղ (ծննդաբերությունից հետո առաջին 10 օրերի ընթացքում) և ուշ (10-րդ օրվանից հետո), առաջնային՝պայմանավորված կնոջ մոտ հորմոնալ փոփոխություններով, և երկրորդային՝ առաջանում է մոր սոմատիկ հիվանդությունների ֆոնի վրա, ծանր ծննդաբերությունից հետո, հոգեկան տրավմայից, ոչ ռացիոնալ սնունդից: Հանդիպում է գրեթե բացառապես արդյունաբերական զարգացած երկրներում և բարձր սոցիալ-տնտեսական խմբերում: Ընդհակառակը, սյն հասարակությունում, ուր կրծքով կերակրմանը վերաբերվում են որպես բնական ֆիզիոլոգիական ֆունկցիա, երեխայի կերակրման միակ միջոց ու կրծքով կերակրումը խրախուսվում է` լակտացիայի խանգարումները գրեթե բացակայում են
Գալակտոռեա – կաթնահոսություն: Պաթոլոգիական է համարվում կաթի անդադար հոսքը կերակրումների միջև ընկած ժամանակահատվածում և բացատրվում է որպես նևրոզի դրսևորում:
Պինդ կուրծք – սա դժվարություն է, որը հեշտ հաղթահարելի է. մինչև կերակրելը կթել կաթը մինչ «կաթի հորդալը»:
Պտուկի ոչ ճիշտ ձևը– (ինֆանտիլ, ներքաշված, հարթ, ճեղքված և այլն): Դա հաճախ մինչև ծնունդը ձգվում է կամ օգտագործվում են հատուկ հարմարեցնող սարքեր
Քերծվածքներով ու ճեղքերով պտուկ – կրծքով կերակրման հաճախ հանդիպող դժվարություն է, ծագում է երեխային կրծքին սխալ մոտեցնելիս: Բուժումը երեխային կրծքին ճիշտ մոտեցնելն է, պտուկը փափկեցնող քսուկով մշակելը: Ծծելիս կրծքի ցավոտության առկայության դեպքում երեխային կերակրում են հատուկ սիլիկոնային ներդիրների օգնությամբ:
Մաստիտ– կաթնագեղձի բորբոքումն է: Երեխային շարունակում են կրծքով կերակրել, որից հետո խնամքով կթում են կաթը՝ անկախ ցավի առկայությունից կամ բացակայությունից, օգտագործում են էլելկտրական արտածծիչ: Այս դեպքում կրծքով կերակրումը չի դադարեցվում, ընդհակառակը՝ շատ կարևոր է կրծքի դրենաժը: Եթե ախտահարված կրծքով կերակրումը չափազանց ցավոտ է, կաթն անհրաժեշտ է կթել ձեռքով: Թարախային մաստիտի դեպքում կերակրումը հակացուցված է: Կրծքով կերակրումը դադարեցվում է կաթում թարախի և երեխայի մոտ դիարեայի ի հայտ գալու դեպքում
Կաթնագեղձի աբսցես– մաստիտի բարդություն է, բուժումը՝ վիրահատական: Հարկավոր է կաթը կթել այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի կարող ինքնուրույն ծծել կուրծքը
Վիրուսային ինֆեկցիաներ– կարմրախտը, ջրծաղկի ցանավորումը, կարմրուկը, էպիդեմիկ պարօտիտը կրծքով կերակրման հակացուցումներ չեն, ընդհակառակը` կաթի սպեցիֆիկ հակաինֆեկցիոն հատկությունը կպաշտպանի երեխային:
Այս բոլորը իհարկե հաղթահարելի է, հատկապես եթե մայրիկը տեղեկացված լինի թե ինչքան կարևոր է անպայման բացառապես կրծքով կերակրել երեխային:
-Շատ մայրիկներ այսօր կարծեք թե գտել են խորամանկելու տարբերակ՝ կթում են կաթը և հետո տալիս ինչու, արդյո՞ք սա խնդրի լուծման ճիշտ տարբերակ է:
–Որոշ մայրեր նախընտրում են կթել և երեխային կերակրել շշով. րպեսզի կախված չլինեն երեխայի գրաֆիկից: Սա իհարկե տարբերակ է, բայց ունի իր թերությունները: Չի լինի այն հոգեկան և էմոցիոնալ կապը երեխայի և մոր միջև, բացի այն աստիճանաբար կդիտվի կաթի քանակական նվազում, քանի որ ոչ մի կթիչ չի կարող դատարկել կուրծքը այնպես ինչպես երեխան և աստիճանաբար անհրաժեծտ կլինի այլ կերի միացում:
Զուր չի ասվում, որ կրծքի կաթը իդեալական սնունդ է երեխայի համար և ոչ մի ադապտացված կաթնախառնորդ այն չի կարող լիարժեք փոխարինել:
Զրուցեց Վարդ Գիշյանը
- Previous Մոնակոյում առաջին անգամ կցուցադրեն Ֆրենսիս Բեկոնի վերջին նկարը
- Next ՖՐԱՆՍԻԱՆ ԵՐԳՈՒՄ Է ՀԱՅԵՐԵՆ. ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑ