Մաղթում եմ իմ երկրին խաղաղություն, որն ամեն ինչից թանկ է. Արմեն Սարգսյան

Մենք-ը շարունակում է ներակայցնել ամանորյա բաերամաղթանքներ՝ հետաքրքիր և սիրելի մարդկանցից: Այս պահին իր տոնական ուղերձն է հղում հաղորդավար, պրոդյուսեր,  ՀՀ ԴԱՀԿ ծառայության մամուլի խոսնակ Արմեն Սարգսյանը.

«Կարծում եմ օրիգինալ չեմ լինի և, ինչպես յուրաքանչյուր գիտակից և հայրենասեր քաղաքացի, առաջին հերթին կմաղթեմ իմ երկրին խաղաղություն, որը թանկ է ամեն ինչից: 2016-ին շատ արցունք թափվեց մեր ընտանիքներում, ապրիլ ամսից սկսած մենք կորցրինք մեր եղբայրներին՝ հերոս տղերքին, որոնց պարտավոր ենք հիշել և որոնց անգնահատելի գործը պարտավոր ենք շարունակել: Ամենադժվարը ազգային համախմբվածությունն է, որին մենք ականատես ենք լինում միայն պատերազմական օրերին. ցանկանում և երազում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին միշտ լինի համախմբված, գիտակից և գլուխը բարձր: Բողոքելով և իրար միայն քննադատելով ոչնչի չենք հասնի: Յուրաքանչյուրս գերազանց անենք մեզ բաժին հասած գործը, սիրենք մեր փոքրիկ, բայց այդքան հարազատ ու գեղեցիկ տունը՝ մեր հայրենիքը: Շնորհավորելով մեր բոլոր քաղաքացիների Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ կմաղթեմ, որ 2017թ-ին յուրաքանչյուր հայի ընտանիքում միայն ուրախության ձայներ լսվեն, բոլոր մանուկները ժպտան և ծնողական սիրով ու բերկրանքով պատված լինեն, իսկ մեր զինվորները միշտ առողջ լինեն, խաղաղ ծառայեն և անփորձանք վերադառնան իրենց ընտանիքներ»:

Տարածել`
Share

You may also like...