Մահացել է Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արեւշատյանը

Կյանքի 86 տարում մահացել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը։

Սեն Արևշատյանը ծնվել է 1928 թ. հունվարի 7-ին Երևանում։ Հայրը՝ Սուրեն Արևշատյանը, թատերական ինստիտուտի դասախոս էր, մեծ հարգանք վայելող մտավորական, հռետորության բուհական առաջին ձեռնարկի հեղինակ։

1951 թ. Սեն Արևշատյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1951-54 ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրայում մասնագիտացել է հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ։ 1956 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ 14-15-րդ դարերի մատենագիր, ականավոր գիտնական Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքների վերաբերյալ։ 1954-59 թթ. Ս. Արևշատյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի գիտաշխատող։ 1959 թ. ապրիլին նա աշխատանքի է անցել ՀԽՍՀ Մինստրների խորհրդին առընթեր հին ձեռագրերի նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում` որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության բաժնի վարիչ։ 1972 թ. ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։

1973 թվականին Ս. Արևշատյանը ղեկավարել է Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրության և հրապարակման բաժինը, իսկ 1982 թ. մարտին նշանակվել է Մատենադարանի տնօրեն, նաև համատեղության կարգով եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմաբանասիրական հանդեսի պատասխանատու քարտուղարը (1958-1960 թթ), փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող` 1972-1979 թթ։ Սեն Արևշատյանը 1975-1978 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Նա առ այսօր այդ ինստիտուտի գիտաթեմատիկ խմբի գիտական ղեկավարն է։ 1982 թ. Սեն Արևշատյանն ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996 թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Ակադեմիկոս Արևշատյանը 25 տարի` 1982-2007 թվականներին եղել է Մատենադարանի տնօրեն, իսկ 2007 թ. ցայսօր Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մահացել է Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արեւշատյանը”

Leave a Reply

Your email address will not be published.