Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը

Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945-ի փետրվարի 17-ին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ եւ արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է: 1980-1990 թթ. հայկական հեռուստատեսությունում վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը:

Եղել է «Արեւիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր:

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է: Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական եւ թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական եւ քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից եւ անգլերենից): Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» եւ այլ բանաստեղծություններ:

Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերենով եւ անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում:

Artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...