Մադրիդում գողացել են Ֆրենսիս Բեկոնի՝ ընդհանուր 30.000.000 եվրո արժողությամբ կտավները

Բրիտանացի հայտնի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի ընկերոջ առանձնատնից գողացել են նկարչի 5 կտավ` ընդհանուր 30 մլն եվրո արժողությամբ, գրում է РИА Новости-ն:

Խոսքն Իսպանիայում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում կտավների ամենախոշոր կողոպուտի մասին է։ Աղբյուրը նշում է, որ գլուխգործոցները գողացել են J.C.B. անունով մարդու տնից (նրա ամբողջական անունը չի նշվում), ով ազգությամբ իսպանացի է, Բեկոնի ընկերը և ժառանգը: Նա մահացել է Մադրիդում 1992-ին: Ընդ որում՝ կողոպուտը տեղի է ունեցել բավականին հանգիստ և լավ հսկվող թաղամասում դեռևս հունիսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։

Հանցագործներն օգտվել են նրանից, որ տանը մի քանի ժամ ոչ ոք չի եղել: Տան աշխատողները նույնպես ոչինչ չեն տեսել: Տանը չկան տեսախցիկներ, թեև այդ թաղամասը մշտապես հսկվում է ոստիկանների կողմից: Գողերը կարողացել են արգելափակել ազդանշանային համակարգը և ոչ մի մատնահետք չեն թողել: Տնից, բացի կտավներից, տարել են նաև այլ թանկարժեք իրեր:

Կտավների սեփականատերը դիմել է ոստիկանություն` անմիջապես կողոպուտից հետո, ընդ որում՝ ոչ նա, ոչ ոստիկանությունն այս ժամանակահատվածում չեն տեղեկացրել լրատվամիջոցներին: Որոնումները տարվում են ինչպես Իսպանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, սակայն դեռևս ապարդյուն։

Ըստ հիմնական վարկածի` կտավները դեռևս գտնվում են երկրում:

Տարածել`
Share

You may also like...