Ճարտարապետ Արմեն Ղազարյանը` «ԵՄ-Եվրոպա նոստրա» միջազգային մրցանակի դափնեկիր
Եվրոպական միության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Ուսումնասիրություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել Մոսկվայի Արվեստաբանության պետական ինստիտուտի աշխատակից, ճարտարապետության դոկտոր, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության անդամ Արմեն Ղազարյանին:
Կազմակերպության տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Եվրոպական միությունը և «Եվրոպա նոստրա» կազմակերպությունը Հաագայում ներկայացրել են մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին: Երեսուն երկրներից ներկայացված 160 նախագծերից մրցանակի են արժանացել 27-ը:
Մրցույթի շրջանակում «Եվրոպա նոստրա» ամենամյա մրցանակի են արժանացել ԵՄ կողմից 2007-2013թթ. իրականացված ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրին ոչ-մասնակից եվրոպական 2 երկրներից /Ռուսաստան, Շվեյցարիա/ ներկայացված նախագծեր ևս: Վերջիններիս թվում, «Ուսումնասիրություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել նաև Մոսկվայի Արվեստաբանության պետական ինստիտուտի աշխատակից, ճարտարապետության դոկտոր, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության անդամ Արմեն Ղազարյանին` «Հարավային Կովկասի 7-րդ դարի եկեղեցական ճարտարապետությունը» քառհատոր ուսումնասիրության համար: «Եվրոպա նոստրա»-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Ժյուրին տպավորված է այս գիտական ուսումնասիրության և վերլուծության արդիական նշանակությամբ: Այն ընդգրկում է 7-րդ դարում Հարավային Կովկասում քրիստոնեական ճարտարապետության համալիր զարգացումը, սահմանում է ժամանակագրությունը, բացահայտում ճարտարապետության մեջ միջնադարյան պատկերագրության սկզբունքները տարածաշրջանում և այլուր Եվրոպայում: Այս ուսումնասիրության մեջ օրինակելի են մեթոդաբանության ճշգրտությունը և եզրահանգումների խորությունը»:
- Previous Հարուկի Մուրակամին վերջին 9 տարում առաջին անգամ պատմվածքների ժողովածու կթողարկի
- Next Վատիկանը կթվայնացնի Առաքելական գրադարանի 82.000 ձեռագիր