«Ղոչա՛ղ կացեք, երեխե՛ք, վախի՛ք ոչ… ». Երեկոյան ընթերցումներ

Բանտախուցի պատուհանների երկաթյա ճաղերից այն կողմ համեստ մի այգի դարձյալ քեզ հիշեցրեց՝ պապս: Ամեն ծառատունկի և ծաղկի մշակված թումբերի վրա քո մատները լողացին մի պահ:

Հիշո՞ւմ ես իմ բարիս, իմ լավս, իմ հոգատարս, իսկ ես հիշում եմ , թե ի՜նչ խնամքով էիր ամփերիդ մեջ տրորում հողի կոշտուկները  և դրանք դառնում էին ալյուրից էլ փխրուն.  Հո՛ղն անգամ հնազադնվում էր քո կոշտածաց, բայց հոգատար ձեռքերին:  Ձեռքեր, որոնցից  ձեռքերից մշտապես հողի բույն էր հոսում, հողի ու դաշտի, ծառ ու ծաղկունքի:

Իմ ղոչա՛ղ պապս, քո լեռնեցու պարզ ու բարի ներաշխարհդ այսօր էլ կենդանի է կառուցածդ տան բակում: Ծառերն իրենք էլ են զգում քո պակասն այնպես, ինչպես՝ ես: Երբեմն նրանցից եմ քո կարոտն առնում:

Ծիրանիներն ու դեղձենիները, բալենիներն ու սալորենիները մեղմ սոսափյունով մշտապես բարևներ են ուղղում քեզ, կարծես հիշում են քո երգերը, պա՛պ:  Նրանց փարատելու համար հաճախ  «ստիպված եմ » լինում  երգել, երբ  գնում այգի:

Իմ փոքրիկ արքայադստերը ևս տանում եմ ինձ հետ, պապի ջան, նրան սովորեցրել եմ բերքահավաքի քո թողած «ուղերձները »:  Նա էլ քեզ նման  կռանում է ծնկների  վրա և հատ-հատ զամբյուղը լցնում անուշահամ բարիքներով: Սիրում է խաղալ  բազմագույն մրգերի հետ և   հրճվում է, երբ զգեստի փեշերը լցվում են մեղրածոր պտուղներով:

Հիշում եմ, երբ մե՛նք  էինք այդպես հրճվում: Ամեն անգամ նրան նայելիս մտաբերում եմ, թե  ինչպես էիր մեզ սովորեցում սիրել բնությունը:

Ի՜նչ ուրախ էին այդ օրերը, որքա՜ն բովանդակային , պապս՝ իմ ալեհեր ծերունի: Երբեք չեմ մոռանա այդ տարիները, որոնք մեկ անունով են դրոշմված՝ պապս՝ իմաստո՛ւնս, ուժե՛ղս, լա՛վս:

…. Ծառերն այդքան էլ բերքառատ չեն, սակայն դրանք նույն անուշահամ բարիք  են տալիս,  ինչպես տարիներ առաջ: Թերևս քո  սիրո երգերով օծեցիր նրանց և օծեցիր մինչև խորն արմատները: Այդ է պատճառը, որ այդ սերը փոխանցվում է  յուրաքանչյուրին , ով գոնե մեկ անգամ այցելում է  գեղատեսիլ դրախտավայրդ:

Եվ թզենի՛ն, պապ, թզենին ծաղկե՛լ է: Քո հեռանալուց հետո նա տխրեց, խռովվեց ինքն իրենից ու գրեթե երեք տարի մնացած չորացած: Բայց հետո ծաղկեց, կանաչեց, չորացած ընձյուղներից նոր շիվեր դուրս եկան՝ դալար ու  կաթնոտ: Եվ համեղ պտուղներ տվեց,  շա՜տ համեղ: Այդ թզենին քո սիրո հարությունն էր, պապ:

Խոստանում եմ՝  քո բնության հարությալ կոչնակները կշարունակեն հնչել արարչությանդ մեջ՝ հիշեցնելով ավանդած հորդորդ կյանքի՝ « ղոչա՛ղ կացեք,  էրեխեք»:

Այդ ղոչաղ խորհուրդիդ կարոտում եմ դեռ,  պա՛պս, ալհե՛րս, ազնի՛վս:

Հեղինակ՝ Վ. Գիշյան

 Նյութի համար օգտագործված է ՀՀ ժողովրդական  և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր  Հենրիկ  Մամյանի «Գարնան սպասումով» կտավը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed