Ձախ Հարութի երկրպագուներին սպասվում են ոչ միայն հրաշալի կատարումներ, այլև` հետաքրքիր տեսանյութեր` երգչի մենահամերգի ընթացքում

Ամեն անգամ, երբ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, գալիս է Հայաստան, նրան հարցնում են՝ երբ մենահամերգ կունենաք Երևանում։ Երգիչն արդեն ունի հարցի պատասխանը՝ երկարատև ընդմիջումից հետո նա Երևանում մենահամերգ կունենա մայիսի 20–ին։

ՀՀ վաստակավոր արտիստի մենահամերգը կազմակերպել է ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում նա մանրամասներ պատմեց և նշեց, որ երեկոն անակնկալներով լի է լինելու։

«Հարութը ներկայանալու է իր հին ու նոր երգերով։ Հիմնականում Հարութն է ընտրում երգերը, բայց, իհարկե, ընդունում է իմ առաջարկներն ու նոր մտքերը»,– ասաց Խաչիկն ու հավելեց, որ համերգի ընթացքում երգիչը հանդիսատեսին պրեմիերաներ կներկայացնի։

Խաչիկի խոսքով՝ Ձախ Հարութը շատ մարտական է տրամադրված համերգին։ Նա իր հանդիսատեսի համար պատրաստել է նաև զուգերգեր։ Նա խոստանում է ունենալ անակնկալ հյուրեր, սակայն ստեղծագործական թիմն անուններ բացահայտել չի ցանկանում։ «Փակագծերը բացել չենք ցանկանում։ Համերգային ծրագիրը դրանով էլ անակնկալային ենք համարել։ Լավ կլինի մարդիկ գան, իրենց աչքով տեսնեն, ականջներով լսեն, լավ օր անցկացնեն և ուրախ վերադառնան իրենց տներ»,– նշեց պրոդյուսերը։

Համերգի համար ընտրվել է «Իմ կյանքը» խորագիրը, ինչը պատահական չէ։ «Կենսագրական անակնկալներով լի համերգ է լինելու, կլինեն Հարութի մասին պատմող կենսագրական տեսանյութներ։ Վստահ եմ, որ այդ երեկոն չի կրկնվի իր տեսակով»,– ասաց նա։

 

 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

 Աղբյուրը` life.tert.am
Նյութը հրապարակվում է առանց խմբագրման
 

 

Տարածել`
Share

You may also like...