Հրատարակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը

«Մենք պարտավոր ենք հիշել ու փառաբանել Հայաստանում օպերային և բալետային արվեստները տասնամյակներ շարունակ զարգացրած, աշխարհին լավագույնս ներկայացրած բոլոր անձանց, իսկ այս գիրքն էլ ամբողջապես այդ նպատակին պետք է ծառայի»,- Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությա վերաբերյալ հրատարակված գրքի շնորհանդեսին նշել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Գրքում հանգամանորեն ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը, հիմնադիրների և արտիստների կենսագրությունները: Աշխատությունն առանձնանում է թատրոնի հարուստ պատմությունը ներկայացնող լուսանկարներով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային դասարանի ուժերով իրականացված դասական երկերի բարձրարվեստ բեմադրություններին (1929-1932 թթ.) և անվանի մտավորականների հորդորներով տարբեր քաղաքներից Երևան ժամանած երգիչների և երաժիշտների խմբին, ինչը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի ստեղծման հիմնաքարը դարձավ:
Գիրքը հրատարակվել է Beeline ընկերության աջակցությամբ: Գրքի հեղինակն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը:
Նշենք, որ գիրքը տպագրվել է «Լուսակն» հրատարակչությունում` 500 տպաքանակով:
Աղբյուրը` menq.org
- Previous Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն
- Next Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը` տարվա լավագույն մոդել