«Հրանտ Դինք. 10 տարի անց». գրքերի շնորհանդես

Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Հրանտ Դինք. 10 տարի անց» շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված  Հայոց ցեղասպանությանը նվիրված 10 գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, գիտնականներ, հյուրեր:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Մենք պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը: Սփյուռքի նախարարությունը տարիներ շարունակ արդյունավետ համագործակցում է հայագիտական տարբեր կենտրոնների հետ, ինչի արդյունքում իրականացվում են բազմաթիվ ուսումնասիրություններ»:

Անդրադառնալով 2016թ. հրատարակված գրքերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ թեմաները ճիշտ են ընտրված:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին տարիների արդյունավետ համագործակցության համար: «Ուզում եմ շեշտել Սփյուռքի նախարարության կարևոր դերը հայագիտության զարգացման գործում: Այսօր արդեն կարող ենք խոսել այսպես կոչված քաղաքական հայագիտության մասին: 2016թ. ևս նախարարության հովանավորությամբ և պատվերով լույս տեսան Հայոց ցեղասպանությանը վերաբերող աշխատություններ, և այսօր մեր խնդիրն է մշակել Հայոց ցեղասպանության հատուցման կառուցակարգերը»:

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, շնորհակալություն հայտնելով  Սփյուռքի նախարարությանը համագործակցության համար, ներկայացրեց «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստա­թղթե­րում» գրքի անգլերեն տարբերակը: Աշխատության մեջ ամփոփված են Հայոց ցեղասպանության մասին հիմնական միջազգային իրավական փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ցեղասպանություն հասկացությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, խնդրին առնչվող միջազգային դատական ատյանների որոշումներին:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն արդրադարձավ Անուշ Հովհաննիսյանի՝ «Հայերի ունեզրկման գործընթացը Օսմանյան կայսրությունում և քեմալական Թուրքիայում» մենագրությանը: Աշխատության մեջ թուրքական փաստաթղթերի հիման վրա քննության են առնվում Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կողմից հայ ժողովրդի բռնի ունեզրկման քաղաքականության մի շարք կարևոր հիմնախնդիրներ:

Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը՝ Անուշ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նման գիտական հետազոտությունների պատվերները լավագույն հնարավորություն են ընձեռում գիտնականին՝ հետազոտություններ իրականացնելու համար:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց Արմեն Մարուքյանի «Հայոց ցեղասպանության նյութական հետևանքների հաղթահարման հիմնահարցը» աշխատությունը և Ռուբեն Սահակյանի «Արևմտյան Հայաստանի ռազմաքաղաքական և վարչատնտեսական իրավիճակը» մենագրությունը:

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը խոսեց իր «Համշենը և համշենահայությունը. Արդի հիմնախնդիրները» գրքի մասին: Աշխատանքի նպատակն է ի մի բերել և ամփոփ կերպով ընթերցողին ներկայացնել համշենահայերի պատ­մութ­յան կա­րևո­րա­գույն դրվագ­նե­րը, ո­րոնք հնարավորություն կտան ծանոթանալ հայ ժո­ղովր­դի այդ հատ­վա­ծի բարդ ու հա­կա­սա­կան, սա­կայն միև­նույն ժա­մա­նակ՝ հե­րո­սա­կան, հա­ճախ էլ՝ ող­բեր­գա­կան պատ­մութ­յանը:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց Նաիրա Պողոսյանի և Սոնա Կարապողոսյանի համահեղինակությամբ ստեղծված՝ «Թուրքիայի հանրապետության և թուրքական սփյուռքի համագործակցության հակահայկական ուղղվածությունը» աշխատությունը և «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովի նյութերի ժողովածուն:

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն անդրադարձավ «Գրական Սփյուռք-2015» սփյուռքահայ գրականության հերթական տարեգրքին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ավագ Հարությունյանի «Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը և երկրորդ Հանրապետությունը» գրքում Հայ պատմագրության մեջ առաջին անգամ արխիվային սկզբնաղբյուրների, պարբերական մամուլի և գրականության լայն ու համակողմանի օգտագործմամբ ներկայացվել և վերլուծվել են 1965թ. Հայաստանի Երկրորդ Հանրապետությունում Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի ոգեկոչման պատմա-քաղաքական իրադարձությունները:

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը խոսեց «Հայոց ցեղասպանության երկրաքաղաքական համատեքստը և հայկական հարցի էվոլյուցիան» (Շիրինյան Լևոն., Օրդուխանյան Էմիլ, Սուքիասյան Հայկ) աշխատության մասին:

Գրքերի մասին ամփոփ կարծիքով հանդես եկավ ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Ազգությամբ ֆրանսիացի սոցիոլոգ Լորենս Ռիթերը ներկայացրեց ամուսնու՝ Մաքս Սիվասլյանի համահեղինակությամբ Փարիզում հրատարակված՝ «Թրից պրծածները. Թուրքիայի ծպտյալ և իսլամացված հայերը», գիրքը: «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից գիրքը թարգմանվել է թուրքերեն լեզվով:

ՀՀ Սփյուռքի նախարարության  մամուլի ծառայություն

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed