Հռոմում «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգին ելույթ կունենա Լա Սկալայի նվագախումբը

«Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի ընթացքում Հռոմում ելույթ կունենան երիտասարդ, բայց արդեն աշխարհահռչակ երաժիշտներ: Այս մասին վատիկանյան Osservatore Romano պարբերականը գրում է «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի՝ Հռոմում սեպտեմբերի 5-ին նախանշված համերգի առիթով:

Համերգաշարի մեկնարկը տրվել է մարտի 5-ին, Երուսաղեմում, եւ անմիջապես համաշխարհային ճանաչում ձեռք բերել: Նախագծի շրջանակում համերգներ են կայացել աշխարհահռչակ բեմերում. Նյու Յորքի Քարնեգի Հոլում՝ Եվգենի Կիսինի եւ Քշիշտոֆ Պենդերեցկու մասնակցությամբ, Լոնդոնի Քադոգան Հոլլում՝ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Փինհաս Ցուկերմանի մասնակցությամբ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում՝ Մարիինյան նվագախմբի մասնակցությամբ, Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թանգարանում՝ Բելգիայի Ազգային նվագախմբի մասնակցությամբ:

Ամփոփիչ համերգը կայանալու է Վիեննայի Մուզիկֆերայն դահլիճում, որտեղ նոյեմբերին հանդես է գալու Զալցբուրգի կամերային նվագախումբը:

Համերգները կազմակերպում է Հայաստանի Մշակույթի նախարարությունը՝ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մասնակցությամբ:

Համերգաշարի նպատակն անցյալի հետ համերաշխության կամուրջներ կառուցելն է: Նախագծին միացել են նաեւ աշխարհահռչակ երաժիշտներ, որոնք ցանկանում են իրենց արվեստը ծառայեցնել այն բանին, որպեսզի ժամանակին տեղի ունեցածն այլեւս չկրկնվի որեւէ այլ ժողովրդի հետ եւ մոլորակի ցանկացած այլ վայրում:

Հռոմի համերգի ժամանակ Լա Սկալա թատրոնի նվագախումբը հանդես կգա համաշխարհային մակարդակի ամենից երիտասարդ խմբավարներից մեկի՝ Դանիել Հարդինգի ղեկավարությամբ: Նվագախումբը կկատարի Բեթհովենի 3-րդ դաշնամուրային կոնցերտը: Մենակատարը կլինի Վենետիկից դաշնակահար Ալեսանդրո Տավերնան, որին համաշխարհային երաժշտական քննադատներն արդեն կոչել են իր տաղանդավոր հայրենակցի՝ Արթուրո Բենեդետի Միքելանջելիի ժառանգորդը:

Կհնչեն նաեւ Դվորժակի 8-րդ սիմֆոնիան եւ Արամ Խաչատրյանի «Վալսը»:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հռոմում «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգին ելույթ կունենա Լա Սկալայի նվագախումբը”

Leave a Reply

Your email address will not be published.