Հռոմից ավելի հին Երևանը. «Россия -24»-ի հեղինակային նյութը

Հռոմից ավելի հին քաղաք Երևանը. Ռուսական «Россия -24» հեռուստաընեկության թղթակցի անդրադարձը Երևանին:
Լրագրողը ներկայացել է վերակառուցված Կասկադով ու այնտեղ գտնվող ժամանակակից արվեստի թանգարանով, Հայաստան տեղափոխված սիրիահայերի համեղ ուտեստները մատուցող ռեստորաններով, միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող հյուրանոցներով ու ժամանցային կենտրոններով: Ծաղկաձորը ներկայացվել է որպես զբոսաշրջային ու սպորտային կենտրոն, Դիլիջանը՝ իր միջազգային դպրոցի շնորհիվ, որպես ինտելեկտուալ կենտրոն: Հնդկաստանից, Սվազիլենդից և այլ երկրներից եկած աշակերտները պատմել են, թե ինչ են նրանք սովորում Հայաստանում և ինչպես են այստեղ նոր ընկերներ ձեռք բերում: Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որը աշխարհի 10 լավագույն ինովացիոն դպրոցների շարքում առաջատար է, նույնպես պատմել են իրենց կրթական ծրագրերի մասին:
Հայաստանն իր հմայքով նորովի է ներկայացել աշխարհին :
Հազարամյակների պատմություն ունեցող մեր երկրի ավանդույթներն ու ձեռքբերումները, հոգևոր ու նյութական ժառանգությունը, յուրօրինակ բնությունը, մայրաքաղաք Երևանի և զբոսաշրջային կենտրոնների կոլորիտը, միջազգային մակարդակի կրթական կենտրոնները և այն ամենը, ինչով հպարտանում է Հայաստանը, խտացվել են եթերի 15 րոպեներում և հատուկ ռեպորտաժի տեսքով մատուցվել հեռուստադիտողին:
Ռեպորտաժի հեղինակ Անտոն Բորիսովը Մոսկվայի օդանավակայանից Երևան է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նախատեսված ներքին անձնագրով, իսկ հետո շրջել է Հայաստանով ու պատմել, թե ինչպիսին է այն. հնագույն եկեղեցիներ, որոնցից 8-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական մշակութային ժառանգության ցանկում են, գորգագործություն, որը Հայաստանում սկիզբ է առել դեռ մեր թվարկությունից առաջ, 6 000 տարվա հնության գինեգործական համալիր, որը գտնվել է Արենիի քարանձավում և վկայում է, որ Հայաստանը գինեգործության բնօրանն է եղել, այս ամենի կողքին՝ միջազգային կրթական կենտրոններ, որտեղ ինովացիոն կրթություն են ստանում երեխաներ՝ աշխարհի տարբեր ծայրերից, զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաներ, ժամանակակից հյուրանոցներ, ռեստորաններ, զբոսաշրջային կենտրոններ… Լավաշի և արևահամ ծիրանի հայրենիքում ռուս լրագրողը բազմաթիվ այլ բացահայտումներ է արել:
- Previous Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է
- Next Շուշիում գտնվող պարսկական «Վերին մզկիթում» կատարվում են պեղումներ