«Հուսո առագաստ-2015» փառատոնը կբացահայտի երիտասարդ հեղինակ-կատարողներին

Երիտասարդ հեղինակ-կատարողներին ի հայտ բերելու և նրանց գործունեությանը նպաստելու նպատակ ունեցող «Հուսո առագաստ-2015» հեղինակային երգի համահայկական փառատոնը մեկնարկում է:

Բարդերի ակումբի և Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ կազմակերպած իրադարձությունը կանցկացվի երկու փուլով:

«Հուսո առագաստ-2015» փառատոնի տնօրեն, երգահան Վախթանգ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հուլիսի 25-ին տեղեկացրել է, որ փառատոնի առաջին փուլն անցկացվելու է Սևանում հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը:

«Բավական երկար ժամանակ է՝ փառատոնային հանդիպում չենք ունեցել: Հուսով ենք՝ կընդգրկենք մեր երիտասարդ ընկերներին: Փորձը ցույց է տալիս, որ ամեն փառատոնից 3-5 հոգի համալրում է մեր բանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Վախթանգ Հարությունյանը:

Երգահանը տեղեկացրել է, որ երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 26-28-ին՝ Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը:

«Դիլիջանում գալա-համերգ կանցկացվի, մրցանակների հանձնում: Փառատոնին մասնակցելու համար հենց այսօր մինչև հուլիսի 31-ը ցանկացողները կարող են հայտեր ուղարկել: Այն ներկայանալու հնարավորություն չունեցող երիտասարդներին հարթակ է տրամադրում: Լավագույն տասնյակի երգերը կձայնագրենք Կոմպոզիտորների միության ստուդիայում, իսկ Բարդերի ակումբն էլ հնրավորութուն կունենա ձայնասկավառակներով տարածել»,- հավելել է Վախթանգ Հարությունյանը:

«Հուսո առագաստ-2015» փառատոնի տնօրենը տեղեկացրել է, որ վերջին գալա-համերգի հասույթն ուղղվելու է Դիլիջանի երաժշտական դպրոցում կիթառի դասարանի ստեղծմանը:

«Սա նմանատիպ փառատոն կազմակերպելու երրորդ փորձն է, 90-ականներին և 2000-ականներին ենք կազմակերպել: Յոթ տարի փառատոն չենք անցկացրել»,- նշել է նա:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Զորիկյանն էլ հավելել է, որ փառատոնը թեմատիկ և տարիքային սահմանափակում չի դնում:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “«Հուսո առագաստ-2015» փառատոնը կբացահայտի երիտասարդ հեղինակ-կատարողներին”

Leave a Reply

Your email address will not be published.