Հունվարի 29-ը Անտոն Չեխովի ծննդյան օրն է

1860 թվականի հունվարի 29-ն էր, երբ Ռոստովի շրջանի Տագանրոգ քաղաքում ծնվեց Անտոն Պավլովիչ Չեխովը՝ ապագայում մասնագիտությամբ բժիշկ, բայց անվանի ռուս գրողն ու դրամատուրգը:

Անտոն Պավլովիչը 1879թ. ավարտել էր ծննդավայրի գիմնազիան, 1884թ.` Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և որոշ ժամանակ զբաղվել բժշկությամբ: Նրա առաջին պատմվածքը լույս է տեսել 1880թ.՝ «Ստրեկոզա» ամսագրում` Անտոշա Չեխոնտե կեղծանունով: 1886թ. աշխատել է Սանկտ Պետերբուրգի «Նովոյե վրեմյա» թերթում:
Չեխովի պատմվածքների առաջին գիրքը` «Մելպոմենեի հեքիաթները», տպագրվել է 1884թ., այնուհետև լույս են տեսել «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուն, «Տափաստան», «Անվանակոչություն», «Նոպա», «Տաղտկալի պատմություն» պատմվածքներն ու վիպակները, «Աղջամուղջում», «Անմեղ խոսքեր», «Պատմվածքներ», «Մռայլ մարդիկ» ժողովածուները: 1887թ. բեմադրվել է առաջին պիեսը` «Իվանովը»:
1893թ.-ին Չեխովի ստեղծագործական գործունեությունը թևակոխում է նոր փուլ, իր «Ճայ» պիեսում, «Գեղջուկներ» վիպակում և մի շարք պատմվածքներում գրողը բացահայտում է կյանքը` իր բարդ ու հակասական կողմերով, դաժան իրականությամբ: 1890-1900թթ. գրել է նաև «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները, որտեղ դրսևորել է դրամատուրգի բացառիկ վարպետություն:
Չեխովը մեծ ազդեցություն է գործել ռուս և համաշխարհային գրականության զարգացման վրա: Հանդիպումներ է ունեցել Լև Տոլստոյի, Մաքսիմ Գորկու, Իվան Բունինի, Ալեքսանդր Կուպրինի, Իսահակ Լևիտանի հետ:
Իր ստեղծագործություններում Չեխովը պատկերել է ռուսական կյանքի նախահեղափոխական և հետհեղափոխական ժամանակաշրջանը: Նա ժամանակակից մարդու հոգու յուրահատուկ հետազոտող էր: Այստեղից էլ նրա գլխավոր թեման` մարդկային անտարբերությունը, «թմրությունը», հերոսի յուրատեսակ փորձությունը, որը կամ արթնանում է քնից, կամ ամեն ինչից ձեռք քաշելով, ենթարկվում դրան:
Իր գործերում Չեխովը մերժում է բոլոր կաղապարները` բարոյական, սոցիալական, փիլիսոփայական, կրոնական և այլն: Հասուն շրջանում նա ուշադրությունը կենտրոնացրել է երկու հիմնական ոլորտի` մտավորականության և ժողովրդի մարդկանց վրա: Ըստ այդ անտարբերության թեման ծավալվել է 2 տարբեր հունով` հերոսը կամ կրթված մարդ է, հոգով հանգստացած կամ ժողովրդի ծոցից դուրս եկած` կյանքում մոռացված, տանջված, բթության ու անտարբերության հասցված: Այս շրջանի գործերից են «Երեք տարի», «Վերնահարկով տունը», «Շնիկով տիկինը», «Նոր ամառանոց» և այլ վիպակներ ու պատմվածքներ:
Չեխովի ոճը հակիրճ է, սեղմ ու խոսուն` համեմված նուրբ հումորով: Հրաժարվելով սյուժետային խարդավանքներից, լարված գործողություններից և արտաքին հետաքրքրաշարժությունից` նա ուշադրության տակ է առել հիմնականում աննշան հանգամանքները: Չեխովի շատ ստեղծագործությունների ողբերգականությունը հենց այն է, որ ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ մնում է նույնը: Իրադարձությունները «հալվում» են կյանքի սովորական ընթացքի, հոգեբանության մեջ:
Նրա շատ ստեղծագործություններ էկրանավորվել են` «Ուշացած ծաղիկներ», «Մարդը պատյանի մեջ», «Հարսանիք», «Շնիկով տիկինը», «Քեռի Վանյան», «Ճայը», «Կաշտանկա», «Գյուղական կյանք», «Բալենու այգին» և այլն:

1900թ. Չեխովն ընտրվել է պատվավոր ակադեմիկոս, բայց 1902թ. հրաժարվել է այդ կոչումից` Նիկոլայ 2-րդի` Մ. Գորկու պատվավոր ակադեմիկոս ընտրվելը չեղյալ համարելու պատճառով: 1904թ. հունիսին բուժման նպատակով մեկնել է Գերմանիա` Բադենվայլեր, որտեղ և մահացել է հուլիսի 15-ին:
Չեխովի տուն-թանգարաններ են գործում Տագանրոգում, Մոսկվայում, Մելիխովոյում, Լուկա գյուղում, Յալթայում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հունվարի 29-ը Անտոն Չեխովի ծննդյան օրն է”

Leave a Reply

Your email address will not be published.