Հույս ունեմ, որ ճապոնական ֆիլմերի շնորհիվ Հայաստանում կտարածվի ճապոնական մշակույթը. դեսպան

Այս տարի ճապոնական մշակույթի օրերը նախատեսվում է անցկացնել ոչ միայն Երևանում, այլև՝ Գյումրիում: Նախատեսվում է նոյեմբերի 23-ից 29-ը անցկացնել թվով 9-րդ ճապոնական ֆիլմերի փառատոնը, այս ընթացքում Հայաստան կժամանեն ճապոնական արվեստի և մշակույթի գործիչներ:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ճապոնական մշակութային օրերը նպատակ ունեն առավել քան սերտ դարձնել երկու ժողովուրդների մշակութային կյանքը: Դեսպանը նշեց, որ ֆիլմերի միջոցով շատ հեշտ է ներկայացնել քո երկրի մշակույթը:

«Ես հույս ունեմ, որ ճապոնական ֆիլմերի շնորհիվ Հայաստանում կտարածվի ճապոնական մշակույթը, մարդկանց ճանաչողականությունը՝ Ճապոնիայի, ճապոնական արվեստի, մշակույթի մասին կմեծանա: Մեր նպատակն այն է, որ ճապոնական ֆիլմերով հետաքրքրվեն և՛ փոքրերը, և՛ մեծերը, ուստի ներկայացնելու համար ընտրվել են տարբեր ժանրերի ֆիլմեր»,- ասաց Տուգաչին՝ հույս հայտնելով, որ հայերին կհետաքրքրեն կինոնկարները:

Դեսպանը նշեց, որ ֆիլմերի փառատոնին ցուցադրվելու է 5 կինոնկար, որոնք ժամանցային ու սիրային բնույթ ունեն: Նա առանձնացրեց ներկայացվող ֆիլմերից մեկը, որը սնդիկի աղտոտվածության աղետի մասին է: «Կինոնկարում պատմվում է մի լուրջ խնդրի մասին, խոսքը ջրի աղտոտվածության մասին է՝ սնդիկով»,- ասաց Հայաստանում Ճապոնիայի դեսպանը:

Էյջի Տագուչին հայտնեց, որ Երևան է ժամանելու ճապոնացի հայտնի գրող Մացուգո Օնոն, ով «Ինը տարվա վաղեմության աղոթք» աշխատանքի համար Ակուգավա մրցանակին է արժանացել: Գրողը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում հանդիպելու է ուսանողների հետ, ինչին հաջորդելու է երկխոսություն հայ երիտասարդ գրող Արամ Պաչյանի հետ: Իմիջիայլոց, Արամ Պաչյանի ընտրությունը կատարվել է հենց դեսպանատան կողմից:

Բացի այդ՝ Հայ-ճապոնական Հիկարի մշակութային կենտրոնում տեղի կունենա երգահան Իրիեն Յոսուկեիի համերգը, ով նվագելու է ճապոնական ավանդական գործիքի՝ Շակուհաչիի վրա: Շակուհաչին, դեսպանի խոսքով, շատ նման է հայկական դուդուկին, պարզապես՝ այն պատրաստված է բամբուկից: Իսկ ճապոնական պարային պլաստիկան՝ «սամուրայների պայքարը», ներկայացնելու է հայտնի դերասանուհի Սայոկո Շիրոտանին, ով բեմում նաև երգելու է:

Հարցին, թե Ճապոնիայում հայկական ֆիլմերի փառատոն կամ մշակութային միջոցառումներ նախատեսվո՞ւմ են, դեսպանը պատասխանեց, թե Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը շատ ակտիվ գործունեություն է ծավալում և այս տարի կազմակերպվել է հայկական ֆիլմերի փառատոն, խաչքարերի ցուցադրություն: «Իսկ Փարաջանովի անունը Ճապոնիայում շատ հայտնի է, նրան լավ են ճանաչում»,- անկեղծացավ դեսպանը:

Էյջի Տագուչին նաև նշեց, որ իրեն շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ Հայաստանում շուրջ 200 հոգի ճապոներեն են սովորում, Գյումրիի պետական համալսարանն այս տարվանից ճապոներենի դասեր է անցկացնում, իսկ փողոցներում հանդիպում ենք ճապոնական անիմեի կերպարներով երիտասարդների: «Հենց մեր մշակութային միջոցառումների միջոցով մենք աշխատում ենք ավելի շատ մարդ ներգրավել այս գործըթնացի մեջ»- հավելեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանը:

tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed