Հուլիսի 29-ին ծնվել է անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը հուլիսի 29-ին կդառնար 86 տարեկան: Այս տարվա ապրիլի 24-ին իր մահկանացուն կնքած անվանի արվեստագետը մշտապես կմնա նրա արվեստը գնահատող մարդկանց հուշերում: Նրա ստեղծագործությունները եղել են և շարունակում են սիրված լինել բոլորի կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից և եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը: 1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակորդեոնահար: Որոշ ժամանակ անց, ռազմական նվագախմբի հետ համերգներով հադես է եկել Երևանում, ապա տեղափոխվել Հայաստանի էստրադային նվագախումբ: 1945թ-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ. ընդունվել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956թ-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ: 1962թ. Մոսկվայում անցկացվող ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է «Անմահություն» բալետը: 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը, բազմաթիվ կատարողների ներկայացմամբ, արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չես, ով պետք է ինձ», «Հիշեք» և այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:
1992թ. մեկնել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սան Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով: 2013 թվականին սեպտեմբերին ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի 85-ամյա հոբելյանի առթիվ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել էր մեծ համերգ, որը մաեստրոն պատվել էր իր ներկայությամբ: 1992 թվականից ԱՄՆ մեկնած և Սան-Ֆրանցիսկոյում բնակություն հաստատած կոմպոզիտոր, դաշնակահար Օրբելյանի ծննդյան 80 և ստեղծագործական գործունեության 65-ամյակները 2008 թվականին մեծ համերգային ծրագրով էին նշվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2011 թվականի ամռանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել էր ևս մեկ համերգ` նվիրված Օրբելյանների ընտանիքին: Համերգին հանդես էր եկել նաև մաեստրոյի եղբորորդին`անվանի դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերը:
Անվանի արտիստը մահացել է 2014 թվականի ապրիլի 24-ին: Օրբելյանը հուղարկավորվել է Կոմիտասի անվան պանթեոնում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հուլիսի 29-ին ծնվել է անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը”

Leave a Reply

Your email address will not be published.