Հնագետը կարևորում է Սոթքում պատմագիտական թանգարանի ստեղծումը

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում վերջին տարիների ընթացքում կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են պատմագիտական և հնագիտական արժեք ներկայացնող բազմաթիվ իրեր, որոնց հետագա խնամքը, պահպանությունը և ցուցադրությունը պահանջում են համապատասխան հոգացություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Սոթքում հնագիտական պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, Սոթքում պատմագիտական թանգարանի ստեղծումն իր մտահղացումն է, որն արդեն ներկայացրել է համայնքի ղեկավարի և ավագանու ուշադրությանը:

«Սոթքում հայտնաբերված հնագիտական արժեքները, որոնք փաստում են Հին Հայաստանի բնակիչների կենցաղի, հավատալիքների, հանրային կյանքի, սովորույթների, մշակույթի, մարդաբանության, այլ կարևոր տեղեկությունների մասին, պետք է պահպանվեն այն տարածքում, որտեղից որ պեղվել ու դուրս են բերվել լույս աշխարհ»,– ասել է հնագետ Արսեն Բոբոխյանը։

«Եթե տեղական իշխանությունը չընդառաջի իմ առաջարկին, ողջ պեղածո նյութը կարող ենք ի պահ տալ Գավառի երկրագիտական թանգարանին: Սակայն, շատ ավելի ցանկալի ու տեղին կլիներ, եթե այդ կարևորագույն, նորահայտ արժեքները պահպանվեին հենց Սոթքում` մի բնակավայրում, որը գտնվում է Հայաստանն Արցախին կապող ճանապարհի խաչմերուկում, որտեղ մեր հայրենակիցները թանգարանային ցուցադրության միջոցով կարող են ծանոթանալ մեր հայրենիքի հնագույն պատմությանը»,- ավելացրել է նա։

Արձագանքելով «Արմենպրես»-ի հարցմանը`Սոթք համայնքի ղեկավար Կոլիկ Շահսուվարյանը նշել է, որ ինքը ոչ միայն կողմ է գյուղում պատմագիտական թանգարանի ստեղծմանը, այլ բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու է դրա կայացմանը:

«Տարածքի խնդիր կարող ենք լուծել, սակայն նորոգման ու կահավորման համար կփորձենք այլ կազմակերպությունների կամ հովանավորների օգնությամբ գտնել համապատասխան միջոցներ»,- հավաստիացրել է համայնքի ղեկավարը:

Արսեն Բոբոխյանը հավատացած է, որ հետագա տարիներին սպասվող պեղումների արդյունքում ևս կգտնվեն բազմաթիվ նոր արժեքավոր հնագիտական նյութեր, որոնք կհարստացնեն ոչ միայն նորաստեղծ թանգարանը, այլ նաև` հնագիտությունը և հայագիտությունը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հնագետը կարևորում է Սոթքում պատմագիտական թանգարանի ստեղծումը”

Leave a Reply

Your email address will not be published.