ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաջյանին:

Բարձր  գնահատելով հայազգի քանդակագործի ներդրումը հայապահպանության, հայ մշակույթն աշխարհին ներկայացնելու   գործում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց նրան «Արշիլ Գորկի» մեդալով:

Նախարարը մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել արվեստի մեծագույն վարպետներից մեկին՝ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին, ով կյանքի մի մասն ապրել է Հայաստանում, մյուս մասը՝ Կանադայում, բայց  մշտապես ամուր թելերով կապված է եղել Հայրենիքի հետ: Չաքմաքչյան ազգանունը վաղուց դուրս է եկել հայկական աշխարհի շրջանակներից և դարձել համաշխարհային մշակույթի մեծագույն երևույթներից մեկը»:

Հարություն (Արտո) Չաքմաքչյանը ծնվել է 1933թ.-ին Եգիպտոսում:  1948թ.-ին ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան:  1975 թվականից ապրում է   Կանադայի Մոնրեալ քաղաքում:

Արտո Չաքմաքչյանը քանդակագործության  ասպարեզում համարվում է էքսպրեսիվ կերպավորման մեթոդի հիմնադիրներից մեկը: Այդ մեթոդով նա քանդակել է  Կոմիտասի, Կոստան Զարյանի, Առնո Բաբաջանյանի դիմաքանդակները, «Ազատություն» քանդակը։ Նա նաև դեկորատիվ-կիրառական քանդակագործության հռչակավոր վարպետներից է, ստեղծել է  «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» քանդակները։ Նրան մեծ համբավ են բերել «Կոմիտաս»  և «Ապրիլյան հուշակոթող»  վեհաշուք հուշարձանները։ 2010թ.-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ պարոն Չաքմաքչյանը նշեց. «Ես անուղղակիորեն ներկայացրել եմ մեր երկիրը և ցույց տվել աշխարհին, որ մեր երկիրն էլ գեղարվեստական խոսք, արվեստ ունի: Եթե ես ճանաչում եմ գտել աշխարհում, ապա միայն շնորհիվ Հայաստանի, քանի որ իմ արվեստին Հայաստանի անցյալի և ներկայի մշակույթն է սնունդ տվել»:

Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ հանդիպում կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ, ցուցադրվեց Ռիտա Շառոյանի՝ արվեստագետի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող «Քայլող մարդը» ֆիլմը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին”

Leave a Reply

Your email address will not be published.