ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը կայացել է «Խաչ Արարատի վրա» ֆիլմի շնորհանդեսը

Երկրորդ համաշխարհային պատերազմն ու դրա արդյունքները կարեւոր փաստարկ հանդիսացան միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կայացած «Հաղթանակի եւ պարտության ժառանգները. Երկրորդ համաշխարհային պատերազմն ԱՊՀ եւ ԵՄ երկրների պատմական հիշողության մեջ» կոլեկտիվ մենագրության եւ «Խաչ Արարատի վրա» փաստագրական ֆիլմի շնորհանդեսի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Թամարա Գուզինկովան:

Նրա խոսքով, Երկրորդ աշխարհամարտի ժառանգությունը մնում է ամենից արդիական պատմական գիտելիքներից մեկը, որն օգտագործվում է ժամանակակից միջազգային-քաղաքական եւ միջպետական հարաբերությունների կառուցման ժամանակ:

«Հաղթանակի եւ պարտության ժառանգները» գիրքը, ըստ Թամարա Գուզինկովայի, նվիրված է Երկրորդ աշխարհամարտի մասին Եվրամիության եւ ԱՊՀ երկրների պատմական հիշողությանը: ԵՄ-ն այստեղ ներկայացված է երեք պետությամբ՝ Գերմանիա, Իտալիա եւ Ֆինլանդիա: «Մայիսի 9-ին մենք նշեցինք Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակը, սակայն, բացի այդ, իրականում եւս մեկ ճակատամարտ է տեղի ունեցել. միանգամայն հասկանալի էր, որ Արեւմուտքը վճռական փորձ էր անում կոտրել ամենախորհրդանշական տարածությունը, որը գոյություն ուներ մինչ այդ, փորձում էր նաեւ ամբողջությամբ շրջել աշխարհի ամբողջական պատկերը: Վիճարկվում եւ կասկածի տակ էր առնվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի երկու սկզբունքային խորհրդանիշ. այդ հոբելյանը նշելու վայրն ու ժամանակը»,- ընդգծեց Թամարա Գուզինկովան:

Նա նաեւ հավելեց, որ այն երկրները, որոնք ներկայում առաջին պլանում են հայտնվել եւ զգալիորեն ձեւավորում են միջազգային օրակարգը (ԱՄՆ, Գերմանիա, որոշ չափով՝ Իտալիա, ինչպես նաեւ ներկայում ԵՄ-ում ընդգրկված արեւելաեվրոպական երկրներ), ցանկանում են նվազեցնել Ռուսաստանի պատմական արժանիքները, որպեսզի Ռուսաստանը պատմական առումով «պարտվողի» դեր ունենա:

Նշենք, որ «Խաչ Արարատի վրա» ֆիլմում որպես փորձագետ հանդես են եկել Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հայ-ռուսական հարաբերությունների մասին պատմող ֆիլմի նկարահանումները կատարվել են 2015 թվականի մայիսին:

Տարածել`
Share

You may also like...