ՀՀ–ում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ԱԳ նախարարների համաժողովը

Հոկտեմբերի 10-ից 11-ը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի անունից հրավերներ են ուղարկվել Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների արտաքին գործերի նախարարներին: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային խնդիրները, միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, որոնց վերաբերյալ կընդունվեն համապատասխան բանաձևեր։

Համաժողովին հաջորդելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի պաշտոնական այցը Հայաստան:

Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված է նաև հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը:

Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից և Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երևանում և Գյումրիում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամաերգային համալիրում, ուր կայանալու է նախարարական համաժողովը, նախատեսվում է Հայաստանի զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, մշակույթը ներկայացնող տաղավարների և հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսների կազմակերպում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “ՀՀ–ում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ԱԳ նախարարների համաժողովը”

Leave a Reply

Your email address will not be published.