ՀՀ-ում անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը

Երևանում և մարզերում անց է կացվում «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը, որի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տիպի խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու քարոզվում է խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ:

«Ֆրեսկոն» մասնակիցներին կինոփառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է առաջարկում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր: Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս են եկել կինոդահլիճներից ու բառի բուն իմաստով մտել են փողոց: Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները դարձել են հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Սովորական աթոռներին փոխարինել են հատուկ պարկեր, իսկ փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն հանդիսատեսի հետ են, ժամանակավորապես դառնալով նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:

Ոչ ֆորմալ մոտեցում է ցուցաբերվում նաև կինոդիտումների վայրերի ընտրության հարցում: Նմանատիպ ակցիաների համար արդեն սովորական դարձած` երևանյան կենտրոնի փոխարեն ցուցադրություններն անց են կացվում քաղաքի հանրաշատ վայրերում (այգիներ, եկեղեցիների բակեր): Փառատոնի որոշ միջոցառումներ նախատեսվում է անցկացնել Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններից մեկում` Հառիճավանքում: Մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Հայաստանում նախադեպը չունեցող ճամբարային կինոարշավների:

Փառատոնն առանձնակի նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մասնակցում են փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավված են «Ֆրեսկոյի» կազմակերպական աշխատանքներում:

 

Տարածել`
Share

You may also like...