ՀՀ-ն մասնակցել է Մարսելի միջազգային տոնավաճառին. հոկտեմբերի 2-ը «Հայաստանի պաշտոնական օրն» էր

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Մարսելի «Շանո» զբոսայգում անցկացվող Մարսելի 91-րդ ամենամյա միջազգային տոնավաճառին մասնակցում է նաեւ Հայաստանը:

Տոնավաճառի շրջանակներում Մարսելի մշակույթի եւ երիտասարդության հայկական տան եւ ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի կողմից Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ կազմակերպվել է հայկական տաղավար, որն այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհուրդ է կրում: Հայկական տաղավարի գրքերի բաժնում ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ երեք տասնյակից ավելի գրքեր տարբեր լեզուներով: Ներկայացված են նաեւ Ֆրանսիայի եւ Հայաստանի մեր հայրենակիցների պատրաստած արտադրանքը` սննդից մինչեւ հուշանվերներ, ինչպես նաեւ տուրիզմի, առողջապահության, բանկային համակարգին վերաբերող եւ այլ բաժիններ:

Հոկտեմբերի 2-ը հայտարարված էր «Հայաստանի պաշտոնական օր», որի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Մարտին Վասալի, Մարսելի միջազգային տոնավաճառի գլխավոր տնօրեն Լոիկ Ֆուշոնի, Մարսելի Մշակույթի եւ երտասարդության հայկական տան նախագահ Կարո Հովսեփյանի եւ Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանի կողմից: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հովանու ներքո:

Միջոցառմանը ներկա էին Եվրախորհրդարանի եւ ֆրանսիացի պատգամավորներ, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր:

Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` մասնավորապես նշելով Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Մարտին Վասալի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցությունը եւ հույս հայտնեց, որ տոնավաճառը նոր հնարավորություններ կընձեռի հայ-ֆրանսիական տնտեսական եւ մշակութային հարաբերությունների առավել խթանմանը:

Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Մարտին Վասալն իր ելույթում նշեց, որ 2015թ. Ֆրանսիայի ամբողջ տարածքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են կայացել եւ դեռ շարունակվում են. 2016թ. ապրիլի 24-ին իր գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի Երեւան` Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողում, հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Նա նշեց նաեւ, որ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը միշտ պատրաստ է օգնելու, աջակցելու եւ մասնակցելու ցանկացած միջոցառմանը, որն իր նպաստը կբերի տնտեսական, մշակութային, գիտական եւ այլ բնագավառներում ֆրանս-հայկական համագործակցության զարգացմանը:

Այնուհետեւ Համագումարների պալատի «Քալելոնգ» սրահում տեղի ունեցավ գերմանական հանրային հեռուստատեսության կողմից գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի Հայոց ցեղասպանությանը նվիված «Աղետ. մի ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Երեկոն ավարտվեց համերգով` Մարսելի Համազգային դպրոցի սաների մասնակցությամբ:

Ֆրանսիական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են միջոցառումը:

Տարածել`
Share

You may also like...