Հին աշխարհից մինչև օրս պլյուսի կողքին մինուս ենք դնում՝ որպես անխախտ օրենք. Ա. Փելեշյան

Օրերս «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ  Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գիտատեսական աշխատության շնորհանդեսը: «Այս գրքի համար կռիվներ են լինելու իմ դեմ, հարձակումներ կլինեն ինձ վրա, կամ էլ բացարձակ անտարբերություն կլինի, որովհետև կարդացողները կմտածեն, թե աբսուրդ բաներ եմ գրել»,- այսպես է մտածում համաշխարհային կինոյի լեգենդ Արտավազդ Փելեշյանն իր վերջին գիտատեսական՝ «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» աշխատության մասին, որի ստեղծման վրա հեղինակից պահանջվել է, ո՛չ ավել, ո՛չ պակաս, կես դար:

Միջոցառմանը ներկա էին նաև  ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Պարզվում է՝ ամեն ինչին, որ Փելեշյանը դիմում է, ստեղծագործական որ միջոցին էլ լինի՝ նույնքան կայացած և նույնքան զարմանք են բերում, որովհետև չես հասկանում՝ ինչպե՞ս մարդը կարող է այսքան հեռուն գնալ՝ իր ստեղծած արվեստի հետքերով մտնել խորքեր, մարդկային մտքի ամենատարբեր շերտեր բացահայտելու համար՝ լինի միֆոլոգիա, գիտական վերջին խոսք, տիեզերք, միասնական դաշտի տեսություն…
Ինչպես բոլորը միաբերան խոսոտվանեցին, Փելեշյանը բոլորին անակնկալի է բերել՝ այս գիրքը գլուխգործոց է:
«Էյնշտեյնն իր հարաբերականության տեսությամբ առաջարկեց տիեզերքի մի մոդել, որ դեռ մանկապարտեզից ենք սովորում՝ պլյուսի (+) կողքին միշտ կա մինուս (-)։ Էյնշտեյնը Տիեզերքն այսպես դիտարկեց՝ ձգողականության ուժը հանգեցնում է սեղմվելուն, հետևաբար՝ պայթելուն, ինչը նշանակում է, որ Տիեզերքը մի օր կոչնչանա։
Բայց Էյնշտեյնը պլյուս-մինուսի կողքին՝ աբստրակտ՝ «տիեզերական հաստատունի» նշանը դրեց։ Ամերիկացի գիտնական Էդվին Հաբբլն այլ տեսություն առաջ քաշեց՝ Տիեզերքը լայնանալու հատկություն ունի։ Այդ ժամանակ Էյնշտեյնը հրաժարվեց իր «տիեզերական հաստատունից»՝ ասելով, որ դա իր կյանքի ամենամեծ սխալն էր։
Ես ասում եմ՝ Էյնշտեյնի ամենամեծ սխալը «տիեզերական հաստատունից» հրաժարվելն էր։ Նա պետք է ոչ թե հրաժարվեր դրանից, այլ ջանար գտնել պայմանական, աբստրակտ նշանին փոխարինող իսկական նշանը, իսկական ֆորմուլը։ Ըստ իս՝ ես գտել եմ այն, ինչն Էյնշտեյնը փնտրեց 40 տարի ու այդպես էլ չգտավ։
Հին աշխարհից մինչև օրս պլյուսի կողքին մինուս ենք դնում՝ որպես անխախտ օրենք»։
Նշենք, որ Արտավազդ Փելեշյանի վերջին աշխատությունը՝ «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը», լույս է տեսել 500 օրինակով՝ բնագիր ռուսերենով:
Հեղինակի նախընտրությամբ գիրքը ենթակա չէ վաճառքի:
Աղբյուրը` 168.am
Տարածել`
Share

You may also like...