Հիմա գործ ունենք մրցակցության հետ, երբ ամեն մեկը ցանկանում է, որ տոնական սեղանը ամենալավը լինի: Մինչդեռ պետք է գերակշռի հոգևորը. Լ Ագուլեցի

 

Ամանորին հաշված օրեր են մնացել, և բոլորը ջանում են որքան հնարավոր է ճոխ ու շքեղ նշել տոնը: Խանութներում եւ սուպերմարկետներում շարունակվում են հերթերն ու հրմշտոցները, մարդիկ փորձում են ընտրել ամենաթարմ ու համադամ պատառները՝ զարմացնելու Նոր տարուն իրենց շնորհավորելու եկած հարազատներին: Դե, իսկ խոզի բդի ընտրությունն առանձին արարողակարգ է, որի համար մարդիկ մինչեւ անգամ շրջաններ են մեկնում՝ տեղում «ծանոթով» ձեռք բերելու սպասված պատառը:

Ինչպես գլուխ հանել այս խառնաշփոթից, ինչպես արևմտյան սովորույթների մեջ պահպանել ազգայինն ու ավանդականը: Ահա այս հարցերի շուրջ armtimes.com-ի թղթակիցը զրուցեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հետ:

Վերջինս շեշտեց, որ հայերը, դեռ հին ժամանակներից սկսած, միշտ էլ ճոխ են նշել Ամանորը՝ գերդաստանով ու հարազատներով շրջապատված: Հայերը ճոխ են նշել նաև Նավասարդը, քանի որ այն առատ բերքի ժամանակահատված է եղել:

«Հիմա գործ ունենք մրցակցության հետ, երբ ամեն մեկը ցանկանում է, որ տոնական սեղանը ամենալավը լինի: Մինչդեռ պետք է գերակշռի հոգևորը: Մարդիկ պետք է իմանան տոնի նշանակությունը, գաղափարախոսությունը, մինչդեռ նույնիսկ չգիտեն՝ ով է եղել Ամանորը, իսկ նա եղել է Վանատուր աստծու կինը: Նրանք իրար սեր են խոստովանել եւ խնձոր տվել: Կենաց ծառի վրա խնձոր կախելը հենց այս խորհուրդն ունի: Ամանորն իրենով մոր կերպարն է, մայրական սերը, որի պտուղները՝ ուրախությունը, հանգստությունը, համբերությունը, վեհանձնություն, ողջախոհությունն ու համեստությունը, պետք է ճաշակենք կլոր տարին»,- նշեց ազգագրագետը՝ հավելելով, որ մայրության գաղափարը սերտորեն կապված է նաեւ Սուրբ ծննդյան հետ:

Լուսիկ Ագուլեցուց հետաքրքրվեցինք՝ անձամբ ինքն այս տարի կենաց ծառ զարդարե՞լ է: Պարզվեց՝ ոչ: Փոխարենը զարդարել է փշարմավի (չիչխան) ճյուղերը: Ինչ վերաբերում է սեղանին դրվելիք տոնական ուտեստներին, ապա ազգագրագետը նկատեց, որ տոնին համահունչ են լոբին, փշատը, աղանձը, չրերը, փոխինձը, հալվան, ղավուրման, չորթանը, ղափաման, ընդեղենն ու խմորեղենը:

«Ամենակարեւորն, առհասարակ, իմացությունն է: Երիտասարդները պետք է շատ կարդան մեր ազգագրագետների ձեռնարկները: Այլապես Ամանորը կարող է վերածվել պարզունակ կերուխումի: Քչերը գիտեն, որ 1758 թվականից, ըստ Սիմեոն Երեւանցու ընդունած Կոնդակի, տարվա սկիզբ համարվել է հունվարի 6-ը` Սուրբ ծննդյան օրը: Մինչ տարվա սկիզբը` հունվարի 6-ը, մարդիկ պաս են պահել եւ ապա տոնել են Նոր տարին:

Այնուհետեւ՝ 1923 թվականին, Առաքելական եկեղեցին ընդունել է Հուլյան տոմարը, որով Նոր տարին նշվել է հունվարի 1-ին, իսկ Սուրբ ծնունդը՝ հունվարի 6-ին»,- հիշեցրեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ ուրախություն հայտնելով, որ ժամանակակից երիտասարդությունը կարոտ է արմատներին վերադառնալուն եւ նախնիներից ժառանգված սովորույթները պահպանելուն:

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Աբյուրը՝ armtimes.com

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed