Հզոր ու արդար երկրի երազանքով. Զաքար Ավանեսյան

25 տարի առաջ այս օրերին կենաց ու մահու կռիվ էր հայրենի սահմաններում։Վտանգված էր էս աշխարհում մեզ բաժին հասած մի բուռ հողը, ու թշնամու դեմ կանգնեց ազգի սերուցքը։ Նրանցիցմեկն էլ Զաքար Ավանեսյանն էր։

Զաքարենց բնակարանում եմ, որն այն տարիներին վերածվել էր զինապահեստի, ինչ տեսակ զենք ասես չի մտել այսբնակարան։ Զաքարի մայրը՝ տիկին Կարինեն, պատմում է հերոս որդուց, սեղանին թղթեր են, թերթեր, գրքեր,մեդալներ։ Հպարտություն ու հուզմունք խառնվել են, հոգին ալեկոծվել է. «Ուզում եմ հայրենասիրություննարմատանա, հավատը ամրանա, պահենք ու պահպանենք, գնահատենք այն ամենը, ինչն ունենք, այն, ինչ ձեռք ենքբերել թանկ ու հարազատ մարդկանց կյանքի գնով ու չմոռանանք նաև հիշել հայրենիքի համար բոլորզոհվածներին…»:

Զաքար Ավանեսյանը ծնվել է 1970թ. մայիսի 13-ին, Հադրութի շրջանի Հադրութ ավանում, իրավաբանի ընտանիքում։Հետաքրքրասեր, աշխույժ ու չափազանց ընդունակ էր։ Ու ծնողներն էլ ամեն ինչ անում էին, որ իրենց առաջնեկն է՛լավելի զարգացնի ընդունակությունները. 5 տարեկանում արդեն հայերեն և ռուսերեն վարժ գրում ու կարդում էր։1977թ. հաճախեց Երևանի Նար–Դոսի անվան N 14 դպրոց, այստեղ է՛լ ավելի ընդգծվեց նրա բացառիկանհատականությունը։ Զաքարին բոլորն էին սիրում. անսահման բարի էր, կամեցող, ընկերասեր, պարզ ու շիտակ,անմնացորդ նվիրվող, օժտված կազմակերպչական մեծ ունակություններով։ Որոշել էր իրավաբան դառնալ։ Հավատումէր, որ միայն իսկական իրավագետը կարող է աշխարհը մաքուր պահել մարդկային արատներից։ «Առաջավորերկրներում օրենքն է կարգավորում մարդկային հարաբերությունները։ Մարդն այնտեղ ենթարկվում է օրենքին։ Իսկմեզ մոտ մարդը, առաջին հերթին` պաշտոնյան, կանգնած է օրենքից վեր։ Նա է տնօրինում մարդկանց,հասարակության ճակատագիրը։ Այստեղից էլ՝ կամայականությունն ու այլանդակությունը, օրենքներովչառաջնորդվող հասարակության նեխումը, շարքային մարդկանց հավատի կորուստը իշխանությունների և օրենքներինկատմամբ… Իմ երազանքն է դառնալ իրավաբան, օգնել հասարակությանը, ընդունել կյանքը կարգավորող օրենքներև նպաստել դրանց անթերի կատարմանը». գրել է 17-ամյա Զաքարը ավարտական դասարանում «Իմ երազանքը»թեմայով շարադրությունում։ Նա իր ներաշխարհով, իր գիտելիքներով, իր խառնվածքով ու ընկալումներով ավելիհասուն էր ու խորագիտակ, քան հասակակիցները։

Ընդունվեց Ստավրոպոլի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Թվում էր՝ վերջ, ամեն ինչ սահունկընթանա, բոլոր փայփայած նպատակները կիրագործվեն, բայց հարազատ հող–հայրենիում խառը ժամանակներ էին,ազգային պայքարը զարթոնք էր ապրում։ Կարող էր հեռվում հանգիստ ու բարեկեցիկ կյանքով ապրել, շատերնայդպես կվարվեին, բայց ոչ Զաքարը. աչքից հեռու էր հայրենիքը, բայց ոչ սրտից։ Նա չէր կարող հայրենիքիճակատագրի հանդեպ անտարբեր լինել։ Վերադարձավ, մտավ արցախյան թոհուբոհի մեջ։ Միաժամանակ ընդունվեցՍտեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։ Ուզում էր իր ժողովրդի պատմականանցյալն ավելի կատարյալ իմանալ (ու հենց ինքը՝ պատմության ֆակուլտետի ուսանողն իր նման նվիրյալների հետլրացրեց մեր պատմության հերոսական էջերը։ Ցավոք, կյանքի գնով)։ Ինստիտուտում հայրենասիրական կրակոտելույթներով էր հանդես գալիս, սակայն այդ ժամանակ օմօնականները հետևում էին շարժման ակտիվմասնակիցներին, մեկուսացնում։ Զաքարին սպառնում էր բռնի արտաքսում։ Արցախի Հանրապետության ապագանախագահ Արթուր Մկրտչյանի միջնորդությամբ տեղափոխվում է Երևան՝ ուսումը շարունակելու։ Զաքարը դառնում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող և դասերի գնալու փոխարեն կրկին մեկնում Արցախ։

«Մեծարգո պրն Առաքելյան,

Ձեր տնօրինության ներքո գտնվող կրթօջախի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Զաքար Ավանեսյանը ԼՂՀ–ն պաշտպանող կամավորական ջոկատներից մեկում է։ Արցախը կարիք ունի երիտասարդների, ուստի խնդրում  եմ նրան թույլ տալ, որ միառժամանակ չմասնակցի պարապմունքներին»։

Սա ԼՂՀ Գերագույն խորհրդի քարտուղար Վլադիկ Հակոբյանի դիմումն է ԵՊՀ ռեկտոր Նորայր Առաքելյանին:

Զաքարը միշտ ամենաթեժ կետերում էր՝ Շուշի, Կիչան, Բերդաձոր, Ասկերան,Քարվաճառ… «Հայ երիտասարդության ճակատ» (Հայ ազգայնականների ճակատ)կազմակերպության ակտիվ անդամներից էր, նրա ջանքերով մարտական ջոկատներէին ստեղծվում։ Շրջում էր տնից տուն, շրջանից շրջան։ Բարեկամ–հարազատի, ծանոթ–անծանոթի կոչ էր անում զինվորագրվել, հայրենիքի համար կռվի ելնել։ Խոսքն անկեղծէր, անմիջական։ Նա առաջնորդ էր, հրամանատար, զինվոր։ Ամենածանր և անհուսալիվիճակներում էլ արագ կողմնորոշվում էր, ճիշտ գնահատում իրադրությունն ուընդունում կշռադատված, համարձակ որոշումներ։ Նրա ջոկատում կային ահել ուջահել, նույնիսկ 16-ը դեռ նոր լրացած տղաներ։ Նրան վստահում էին ու գնում նրահետևից։ Եվ պատահական չէ, որ նրա զինվորները, բոլորն էլ անխտիր, իրենց քաջհրամանատարի պես անձնազոհաբար կռվեցին Արցախի ազատագրման համար, ևնրանցից շատերն էլ իրենց հերոս հրամանատարի պես անմահացան։

Զաքարի ինքնանվիրումը չափ ու սահման չուներ։ Նա միայն կռվի դաշտում չէր։ Նրանմեկ կտեսնեիր զինվորների հետ Թարթառի կամրջի մոտի ջրամբարը հսկելիս, որհանկարծ թշնամին չպայթեցնի, մեկ էլ կտեսնեիր զենք–զինամթերքով ապահովում էԿրկժանի կռվողներին, մեկ հետախուզության գնալիս, մեկ քարտեզ գծելիս՝ հարձակման հարմար ուղիները մտքի մեջհազար անգամ վերլուծելով (այդ քարտեզները պատճենահանում էր, բաժանում զինվորներին, ասում էր՝ «ամենզինվորի ձեռքին քարտեզ պետք է լինի, որ ճիշտ ու շուտ կողմնորոշվի»)։ Այս ամենին զուգընթաց, հասցնում էրմասնակցել խորհրդարանի նիստերին, օգնել զոհվածների հարազատներին։ Երևանից Արցախ հատուկ բեռներտեղափոխելու համար նա անցաթուղթ էր ստացել իշխանություններից։ Բեռը հասցնում էր Արցախ, ապա ուղղաթիռովվիրավորներին բերում Երևանի Նորք–Մարաշի օրթոպեդիայի և վնասվածքաբանության կենտրոն, հետո քաղաքումզբաղվում ջոկատի մատակարարման հարցերով ու առանց տուն մտնելու շտապում Արցախ։

–Որդիս կատարած գործերի մասին ոչինչ չէր պատմում,- հիշում է Զաքարի մայրը,- մի օր քրոջս հարցին, թե՝ ինչո՞ւոչինչ չի պատմում, տղաս պատասխանել էր. «Ամբողջ օրը կռվի դաշտում ենք, մորաքույր ջան, ի՞նչ պատմեմ։ Կռիվըկհաղթենք, կպատմեմ»։ Զաքարիս արածների մասին ավելի հաճախ պատմում էին ընկերները՝ Վարդանը,Անդրանիկը, մյուսները… Նրանցից շատերն այսօր ողջ չեն, որ նրանց պատումներով է՛լ ավելի ամբողջացնեիԶաքարիս կերպարը։

Զաքարի ուսանողական ընկեր Անդրանիկի պատմածը. «Մենք ապրում էինք Զաքարի հետ վարձած տանը։ 1989թվականն էր։ Պառկած եմ անկողնում և ուզում եմ շուռ գալ։ Զգում եմ՝ մեջքս դիպչում է ինչ–որ կոշտ բանի։ Նայում եմմահճակալիս տակ՝ ավտոմատներ են դարսված։ Զարմացա՝ ե՞րբ էր հասցրել մի գիշերվա մեջ մենակ այդքան զենքտեղափոխել, որ ո՛չ ես, ո՛չ էլ տանտիրուհին գլխի չէինք ընկել։ Մեծ հայրենասեր էր Զաքարը։ Նրան ժամանակը չէրհերիքում։ Զօրուգիշեր աշխատում էր Շուշիի քարտեզի վրա, թե որտեղից հարմար կլինի մտնելը։ Դիվանագետ էր,Վոլսկու միջնորդությամբ գերիներ էր ազատել Աղդամից։ Զենք–զինամթերքից բացի, հագուստ էր հասցնումզինվորներին և ոչ միայն նրանց։ Արցախի երեխաների համար մարզահագուստ էր բերել։ Նա կռվում էր քաջի պես։Միշտ ամենավտանգավոր կետերում էր։ Մի օր էլ ինձ ասաց. «Անդո՛, գիտե՞ս, ես եմ առաջինը ջոկատի տղաների հետմտնելու Քարվաճառ»։ Նրա ասածը արած էր»։

Ազատամարտիկ Սվետայի պատմածը. «Զաքարի ջոկատով հյուրընկալվել էինք մի խնձրստանցու տանը։ Այնտեղերիտասարդ, գեղեցիկ աղջիկներ կային։ Տանտերը Զաքարին ասաց. «Որ աղջկան էլ հավանես, քեզ նման քաջի հետսիրով կամուսնանա»։ «Չէ՛, ոչ մեկին էլ մեղքի տակ չեմ գցի, թող պատերազմը վերջանա, ընտանիք կկազմեմ, բայցմայրս պետք է հավանի ընտրյալիս։ Պետք է այնպիսի աղջկա ընտրեմ, որ մի ականջը մեծ լինի, մյուսը՝ փոքր։ Մեծովմորս լսի, փոքրով էլ ինձ»,- կատակով խոսքը փակեց Զաքարը»։

–Միակ բանը, որ որդիս պատմել է պատերազմական օրերից,- վերհիշում է տիկին Կարինեն,- Մարաղայի կոտորածից հետո բարոնուհի Քոքսին ուղեկցելն էր Արցախ և բազմաթիվ գերիների ազատումը։ Եղանակի պատճառով թռիչքը շարունակել հնարավոր չի լինում, ուղղաթիռը վայրէջք է կատարում դաշտում, որտեղից ոտքով պետք է հասնեին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղ: Ձյան մեջ կորած անտառի հեքիաթային գեղեցկությունը գերում էբարոնուհուն, եւ beautiful ասելով վերջինս որոշում է կանգ առնել ու մի քիչ զմայլվել: Զաքարը, որ պատասխանատուէր նրա անվտանգության համար, ստիպված հիշեցնում է տիկնոջը. «Ժամանակ չկա, գնանք լույսով հասնենք: Մութըկընկնի, դժվար կլինի ձնածածկ անտառում կողմնորոշվելը»: Այդ ժամանակ տիկին Քոքսը լուսանկարել է Զաքարին,շատ կցանկանայի այդ նկարը տեսնել,- ասում է տիկին Կարինեն ու շարունակում է։ –Զաքարս մահից մեկ ամիս առաջինձ տվեց իր ջոկատի զոհված տղաների լուսանկարներով մի թերթ։ Ո՜նց էր սիրտը ցավում. «Մա՛մ ջան, ախր, էստղերքին իրենց մոր ծոցից եմ հանել, ջահել տղերք էին, կյանքի կարոտ, կյանքը չվայելած,- ասում էր ու լաց լինում,հետո խնդրեց,- մա՛մ ջան, այս թերթն աչքիդ լույսի պես կպահես։ Պատերազմի ավարտից հետո թանգարան եմստեղծելու, նրանց անմահացնեմ»։ Մարտական ընկերների կորուստը նրա վրա ծանր էր ազդել, կոտրվել էր, խեղճացելմի տեսակ, չէր հաշտվում նրանց մահվան հետ։ Ու այդ ժամանակ ես փորձեցի գոնե մի անգամ հետ պահել որդուս,ընդվզեց. «Ի՞նչ ես ասում, մայրի՛կ, չէ՞ որ դու էիր միշտ հպարտանում ինձ Արցախ ճանապարհելիս՝ հայտարարելով,որ ամենահայրենասեր ազատամարտիկի ամենահայրենասեր մայրն ես աշխարհում։ Իմացիր, մա՛մ ջան, ՂարաբաղըՀայաստանի դարպասն է, եթե չպաշտպանենք, վաղը թուրքը կմտնի Հայաստանի սիրտը»։

♦♦♦

Ստեփանակերտի մատույցներում կռվող նրանց ջոկատը հրաման ստացավ մեկնելու Մարտակերտ։ Ադրբեջանցիները գրավել էին Թալիշ, Այգեստան, Մարաղա գյուղերը և առաջ էին շարժվում։ Պետք էր փակել թշնամու ճանապարհը։1992թ. հունիսի 29-ին Տոնաշենում մղված թեժ մարտերում զոհվեց Զաքար Ավանեսյանը։ Նրա երկրային ուղինընդամենը 22 տարի տևեց…

Դպրոցում, որտեղ սովորել է Զաքարը, դասարան է անվանակոչվել հերոսի անունով։ Պետական համալսարանիպատմության ֆակուլտետի լսարաններից մեկը ևս անվանակոչվել է նրա անունով։ Զաքարի մարտական ընկերը`Վահրամը, զոհված ընկերոջը երգ է նվիրել.

 

Արցախ, քեզ ինչքան էր սիրում, որ ելավ

Մեռնելու քեզ համար, ու ընկավ,

Առնական հայորդու քաջությամբ անվախճան

Դարձավ կանթեղ յուր հայրենյաց մեծ պայքարի։

Զաքա՛ր, մեր օրերի Նժդեհը դարձար…

Եթե Զաքարը ողջ լիներ, բոլոր ճանաչողներն են վկայում, այսօր հայտնի, շատ հայտնի անձնավորություն կլիներ՝դարձյալ հայրենիքի և ժողովրդի ճակատագրով ապրող և մտահոգ։ Ինչքա՜ն լուսավոր նպատակներ ու երազներ ուներիրականացնելու… Զաքարի ու նրա նման հերոսների կորստյան ցավից մխիթարվելու միայն մի ձև ունենք` մշտապեսվառ պահել նրանց հիշատակը եւ իրականություն դարձնել նրանց երազների Հայաստանը։

 

Հեղինակ` Ալիսա Ալավերդյան

Նյութը` hayzinvor.am

Տարածել`
Share

You may also like...