Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը համերգ է ունեցել Բեյրութում

Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության կազմակերպմամբ մարտի 12-ին «Լեւոն Շանթ» կենտրոնի «Գ. եւ Հ. Արմենյան» սրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգը: Քառյակի անդամներն են` Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Գեւորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ) եւ Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ)։

Համերգին երաժշտասեր բազմության կողքին ներկա էին նաեւ «Ալ Բուստան» միջազգային փառատոնի տնօրենը, ի դեպ փառատոնի հրավերով էր Երիտասարդական նվագախումբը ժամանել Բեյրութ, եւ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Քառյակը ներկայացրեց Մոցարտի, Չայկովսկու, Ռախմանինովի, Խաչատրյանի, Հարությունյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հանդիսատեսը մեծապես գնահատեց այս բացառիկ քառյակի կատարումները եւ հոտնկայս ողջունեց երաժիշտներին երկար ծափահարություններով։

Նշենք, որ Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակի առթիվ։ Քառյակի ստեղծման հիմնական նպատակն է սերունդների միջեւ կապի ամրապնդումն ու հայ երաժշտական ժառանգության պահպանումը եւ արժեւորումը։ Քառյակի անդրանիկ համերգը տեղի է ունեցել 2015թ. հոկտեմբեր 28-ին։

Տարածել`
Share

You may also like...