Հասմիկ Պողոսյանը հանդիպել է իր վրացի գործընկեր Միխեիլ Գիորգաձեի հետ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Միխեիլ Գիորգաձեի գլխավորությամբ։

Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակներում 3-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ վրացական կողմի մասնակցությունը կարևոր և զգալի ներդրում կլինի խորհրդաժողովի աշխատանքներին:

Միխեիլ Գիորգաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության և հետաքրքիր ծրագրի համար։

Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային հարաբերություններն ունեն դինամիկ զարգացման միտում և ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները՝ կինո, թատրոն, գրականություն և մշակութային ժառանգություն (հուշարձանների պահպանություն և վերականգնում, թանգարաններ) , որոնք վերջին տարիներին ստացել են նոր որակական դրսևորում, Հասմիկ Պողոսյանը կարևորել  է երկու երկրների միջև համագործակցության համար իրավական հիմքերի ապահովումը, ինչի համար լավագույն միջոցը միջնաժամկետ համագործակցության ծրագրերի մշակումն է:

ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացել է վրացի գործընկերոջը, որ 2015 թ. լրանում է «ՀՀ
մշակույթի նախարարության և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության միջև 2013-2015թթ. համագործակցության մասին» ծրագրի գործողության ժամկետը և առաջարկել է սկսել նոր ծրագրի ստորագրման գործընթաց: Կողմեը պայմանավորվել են երկարաձգել փաստաթղթի գողծողության ժամկետը և այն դարձնել առավել գործնական։

Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանության ոլորտում, Հասմիկ Պողոսյանը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն իրենց կառուցողական համագործակցությունը Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակներում: ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը, որը երկու երկրների միջև ձևավորված կառուցողական գործունեության դրսևորումներից է:

Հասմիկ Պողոսյանը նաև շնորհակալություն  է հայտնել վրացի գործընկերոջը՝   Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի վերնորոգման և ամրակայման հարցում հետևողականության համար։

Անդրադառնալով  «Համագործակցություն» նախագծին՝ Հասմիկ Պողոսյանն ասել է, որ նախագծի շրջանակում  ընթացքի մեջ է հայ-վրացական կոմպոզիտորական փառատոն – համերգը, որն իրականացվում է Հայաստանի և Վրաստանի կոմպոզիտորների միությունների կողմից։

ՀՀ մշակույթի նախարարը Միխեիլ Գիորգաձեին առաջարկել է հեռուստատեսային, ջազային կամ համերգային համատեղ նախագիծ իրականացնել։

Միխեիլ Գիորգաձեն ՀՀ մշակույթի նախարարին տեղեկացրել է, որ Վրաստանը «Ստեղծագործ Եվրապա» ծրագրի պաշտոնական անդամ է՝ առաջարկելով Հայաստանի հետ որպես գործընկերներ՝ մշակութային համատեղ ծրագիր մշակել և ներկայացնել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերականգնող-ճարտարապետների (ռեստավրատոր)  մասնագիտությունը «ծերացող» է, առաջարկվել է  երկու երկրների երիտասարդ մասնագետներին վերապատրաստել ՝ ներառելով իտալական փորձը։

Համատեղ ծրագրերի շարքում է  նաև «Կինոէքսպրես» ծրագիրը, որը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի կողմից հավանության է արժանացել։ ՀՀ մշակույթի նախարարն առաջարկել է առաջիկայում այն իրականացնել Ջավախքում։

Հասմիկ Պողոսյանը նշել է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կայուն համագործակցություն է ծավալում վրաց կինեմատոգրաֆիստների հետ. այս տարի փառատոնի շրջանակում կներկայացվի 3 ֆիլմ։

Անդրադառնալով «Երևան-Թբիլիսի տրանզիտ» երաժշտական նախագծին՝ Հասմիկ Պողոսյանը նշել է, որ հայկական կողմը հարցը բարձրացրել է դեռևս նախորդ տարի, համատեղ իրականացնելու համար: ՀՀ մշակույթի նախարարն առաջարկել է  այն իրականացնել երկու երկրների նախարարությունների աջակցությամբ:

Հանդիպման ավարտին Միխեիլ Գիորգաձեն Հասմիկ Պողոսյանին նվիրել է 2014 թվականին Թբիլիսիում հրատարակված հայ-վրացական «Հին վրացերեն-հին հայերեն» փաստագրական  բառարանը, որի հեղինակը Իլյա Աբուլաձեն է։

Տարածել`
Share

Tags

You may also like...