Հանրային հեռուստաընկերության անցած ուղին

Հարգելի՛ տեսաբաններ, լրագրողներ, հայկական հեռուստատեսության պատմությանն անդրադարձած  հոդվածագիրներ և տարբեր տարիներին հայկական (Պետական, Ազգային, Հանրային) հեռուստատեսությունում աշխատած գործընկերնե՛ր,
Սիրով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հանրային հեռուստաընկերության պատմությունը (1956-2016) ներկայացնող գրքի աշխատանքային  տարբերակը և ակնկալում Ձեր ակտիվ մասնակցությունը՝ նրա էլեկտրոնային տարբերակը շարունակաբար համալրելու գործում:
Այս գրքի լույսընծայման առիթը Հայկական հեռուստատեսության ծննդյան հոբելյանական 60-ամյակն է, իսկ նպատակը՝ նրա պատմության ամբողջացումը հիմնադրումից մինչև մեր օրերը: Սա նաև հարգանքի տուրք է հայկական հեռուստատեսությունն ստեղծողներին, աշխատակիցներին, սերունդներին:
Քանի որ գիրքն իր բնույթով ակադեմիական է և կարող է դիտարկվել որպես հայկական հեռուստատեսության յուրատեսակ հանրագիտարան, խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր Հանրայինի պատմության մաս են կազմել, աջակցել մեզ՝ համալրելու այն բացը, որը Ձեր կարծիքով՝ կարևոր է և տեղ չի գտել գրքում:
Հանրային հեռուստաընկերությունը ձևավորել է հեղինակային խումբ՝ հետևյալ կազմով՝ Լիլիկ Ստեփանյան (խմբի ղեկավար-համակարգող), Լևոն Գալստյան, Մարգարիտա Գրիգորյան և խորհրդատու՝ Մարատ Օրդյան: Աղբյուրագիտական զննումները կատարել են Ազգային արխիվի աշխատակիցներ Էմմա Հովսեփյանն ու Մարինե Մարտիրոսյանը: Հեղինակային խումբն ուսումնասիրել է Հանրայինի վաթսունամյա արխիվային նյութերն ու իրականացրել շուրջ 120 հարցազրույց, որի արդյունքում հավաքվել է գրեթե ամբողջական տեղեկատվությունը:
Քանի որ զգալի թիվ են կազմում Հանրայինում երկար տարիներ գործունեություն ծավալած, բայց այսօր Հայաստանից դուրս ապրող աշխատակիցները, ինչպես նաև այլ ԶԼՄ-ներում կամ կազմակերպություններում աշխատող անձինք, հույս ունենք, որ մեր առաջարկը նրանց համար հաճելի պատեհություն կլինի գրառելու իրենց հիշողությունները և լրացնելու հնարավոր բացթողումները:
Գրքի կառուցվածքը հնարավորություն է տալիս անմիջապես գտնելու հենց այն ժամանակահատվածը, որի առնչությամբ դուք ասելիք ունեք: Յուրաքանչյուր հավելում շատ կարևոր է մեզ համար:
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում արձագանքի և մասնակցության համար: Որևէ տեղեկատվության կամ հարցի պարագայում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010-650015 /ներքին՝ 283/ կամ Ձեր դիտարկումներն ու նկատառումներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  book@1tv.am: Խնդրում ենք նամակում անպայման նշել Ձեր գտնվելու վայրն ու կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ կապ ապահովելու համար:
Տեղեկացնում ենք նաև, որ ստացված յուրաքանչյուր տեղեկություն ճշգրտվելու է:
Մենք լիահույս ենք, որ այս ծավալուն, բարդ, բայց և հետաքրքիր աշխատանքը կխանդավառի շատերիդ, և անմասն չեք մնա Մայր հեռուստատեսության պատմության գրքի ամբողջացմանը:
Երախտագիտությամբ՝
Հանրային  հեռուստաընկերության
գործադիր տնօրեն՝
Մարգարիտա Գրիգորյան
Աղբյուրը`  news.1tv.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed