Հանրահայտ Նորա Արմանին հայ թատրոնի բեմում

Պատանի հանդիսատեսի թատրոնում հուլիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «ՄԵՐՍԵԴԵՍ» ներկայացումը, որի գլխավոր դերում ամերիկահայ հայտնի դերասանուհի և պրոդյուսեր Նորա  Արմանին է: Մեկ գործողությամբ դրաման հիմնված է իրական դեպքերի վրա:

Հանդիսատեսի աչքի առաջ ներկայացվում է մի ամբողջ սերնդի կենսագրություն՝ խորհրդային ռեժիմի պատճառած անհարմարություններից մինչև Հայաստանի անկախացում: Եղեռնի հետևանքով հեռավոր Սալոնիկում հաստատված գաղթական հայերի զավակների՝ Մերսեդեսի և Զարուհու առջև ի վերջո ծառանում է հարց՝ հայրենիքը սիրել հեռվի՞ց, թե վերադառնալ պապերի երկիրը ու զրկանքներով հաստատել հայրենասիրությունը:  Պիեսի հեղինակն է դրամատուրգ, գրող  Անուշ Ասլիբեկյանը: Բեմադրությունը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանին է, իսկ երաժշտության հեղինակ ը՝ Վահան Արծրունին:

Թատրոնի և կինոյի հանրահայտ դերասանուհի, բեմադրիչ, գրող, պրոդյուսեր ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻՆ (Էքսերջյան) Nora Armani ծնվել է Եգիպտոսում, հայ մտավորականների ընտանիքում: Ավարտել է Կահիրեի Ամերիկյան համալսարանը՝ ուսանելով սոցիոլոգիա և թատրոն։ Այնուհետև սովորել է Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոցում (London School of Economics)։ Թատերական կրթությունը ստացել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում‘ (RADA), Կալիֆոռնիայի համալսարանում(UCLA)։ Հետևել է տարբեր թատերական ծրագրերի Փարիզում և Լոնդոնում, աշխատակցելով Իրինա Բրուքի և նրա հոր աշակերտ՝ Յոշի Օիդայի հետ, Արիան Մնուշկինի (Theatre du Soleil) հետ։ Գլխավոր դերեր է ստանձնել անգլիական BBC, եգիպտական TV և ամերիկյան CWTV հեռուստաընկերությունների հեռուստասերիալներում։ Նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում։ Խաղում է դերեր 4 լեզուներով: Գրում է բանաստեղծություններ, սցենարներ, վեպեր, որոնք հրատարակվել են մամուլում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed