Հանդիպում են հայ և թուրք հրատարակիչները

Ստամբուլում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հրատարակիչների հանդիպումը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հանդիպումը կազմակերպվել է Թուրքիայի հրատարակիչների միության և «Անտարես» հրատարակչության համագործակցությամբ:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին աջակցության նախագծի  շրջանակներում Թուրքիա մեկնած առաջատար հայ հրատարակիչների խումբը հանդիպել է Թուրքիայում գործող հրատարակիչների, հեղինակային իրավունքներով զբաղվող գործակալների, թարգմանիչների և Հ/Կ-ների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման առաջին կեսին բացման և ներածական ելույթով հանդես են եկել Թուրքիայի հրատարակիչների միության նախագահ Մեթին Ջելալը և գլխավոր քարտուղար Օգյուր Աքընը: Այնուհետև Թուրքիայի հայկական «Արաքս» հրատարակչության հայերեն հրատարակչությունների խմբագիր Սևան Դեյիրմենջյանը հայերեն տպագրության պատմության, հրատարակչության և հայոց պատմության ու մշակույթի կապի, ինչպես նաև՝ ժամանակակից հայերեն հրատարակչական գործում «Արաքս» հրատարակչության դերի ու փորձի վերաբերյալ զեկույց է ներկայացրել:

«Անտարես» մեդիա հոլդինգի հրատարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մադոյանը նշել է, որ որպես դարավոր հարևաններ՝ հայերը և թուրքերը ուղղակի պարտավոր են միմյանց մասին իմանալ ամեն ինչ:

«Գրականությունը ոչ սահմաններ ունի, ոչ էլ` դարպասներ: Այս ծրագիրը մեզ կօգնի միմյանց ավելի լավ ճանաչել, միմյանց հարստացնել, մասնագիտական կապեր հաստատել և համատեղ առաջ շարժվել», – նշել է Մադոյանը:

Նա անդրադարձել է «Անտարես»-ի 25-ամյա պատմությանը, հրատարակություններին և թուրք գրականությունից հայ ընթերցողի համար թարգմանված երկերին:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պատմել է հրատարակչությունը խթանելու նպատակով հիմնված գրական հիմնադրամի և պետության ու այդ հիմնադրամի աջակցությամբ հայերենից դեպի այլ լեզուներ կատարվող գրական թարգմանությունների մասին:

Ելույթով հանդես են եկել նաև Հայաստանի գրականության ինստիտուտի տնօրեն Արքեմնիկ Նիկողոսյանը, «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչ Արթուր Մեսրոպյանը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից Շավարշ Կարապետյանը և «Արեգ» հրատարակչությունից Սամվել Գասպարյանը:

Հանդիպման 2-րդ կեսին ներկայացվել և քննարկվել են Թուրքիայում հայերեն հրատարակչությանը, հայկական դպրոցներում հայերենի դասավանդմանը, թուրքերեն- արևելահայերեն/արևմտահայերեն թարգմանիչ-մասնագետների պատրաստմանը, թարգմանչական և հրատարակչական գործում ծագող խնդիրներին և հնարավոր լուծումներին, երկու երկրների միջև հրատարակչական առևտրին և մշակութային կապերի միջոցով երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորություններին առնչվող հարցեր:

Աղբյուր`    Ermenihaber.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed