Հայ և ճապոնացի արվեստագետները հանդես եկան համատեղ ցուցահանդեսով

«Մարդը` բնության մի մասնիկ» խորագրով հայ-ճապոնական համատեղ ցուցահանդեսն արվեստասեր հանրության համար իր դռները բացեց հոկտեմբերի 4-ին Հավհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:

«Ներկայացված են ինքնատիպ, զարմանալի աշխատանքներ, որոնցից կարելի է մեծ բավականություն ստանալ: Ճապոնիայի դեսպանատան հետ միասին հաջորդ տարի նոր ցուցահանդես կներկայացնենք ձեր ուշադրությանը»,- նշեց կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը:

Ցուցադրված էին Այակո Ֆուջիմոտոնի, Միձուե Թաքուջինի, Խաչատուր Մարտիրոսյանի, Աշոտ Հարությունյանի, Հասմիկ Ավետիսյանի, Նորիկո Թաքահաշիի և այլ ստեղծագործողների աշխատանքներ:

Նորիկո Թաքահաշիի տպավորիչ կտավներից մեկում պատկերված էր աստղազարդ երկինք:«Ճապոնիայի ցունամիի  պատճառով իմ քաղաքում աստղերը գրեթե չեն երևում: Երբ տեսա դրանք անմիջապես փոխանցեցի կտավին»,-ասաց նկարչուհին:

Պայծառ գունային գամմայով հատկապես աչքի էին ընկնում երիտասարդ նկարչուհի Այակո Ֆուջիմոտոնի աշխատանքները: «Տարբեր երկրներ գնալիս ծանոթանում եմ նրանց մշակույթին և արվեստին: Նկարել եմ նուռ` ոգեշնչվելով  ձեր խորհրդանիշներից»,-ընդգծեց Այակոն Ֆուջիմոտոնը:

Նկարչուհի Հասմիկ Ավետիսյանի խոսքով` երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը հարստացնում է արվեստասեր հանրությանը: «Հետաքրքիր է սեփական երկիրն այլազգի նկարիչների աչքերով տեսնել: Այս համագործակցությունն ինձ համար ձեռքբերում է»,-շեշտեց նա:

Ցուցահանդեսն կազմակերպվել է հայ-ճապոնական «Էյքիբ»  կազմակերպության նախաձեռնությամբ: «Էյքիբ»-ը, համագործակցելով Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի հետ,  մեկ տասնամյակ է ինչ կազմակերպում է համատեղ անհատական և խմբակային  ցուցահանդեսներ Հայաստանում և Ճապոնիայում: Համագործակցության նպատակը երկու երկրների  արվեստասերներին  Ճապոնիայի և Հայաստանի ժամանակակից գեղանկարչությանը ծանոթացնելն է: Ցուցահանդեսը բաց կլինի մինչ հոկտեմբերի 7-ը:

 

Նյութի աղբյուրը՝ artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed