Հայ հնատիպ գրքի ցուցահանդես` Հնդկաստանում

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում օրերս տեղի է ունեցել Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Հնդկաստանի ու Հայաստանի ազգային գրադարանների մասնակցությամբ կազմակերպված հայ հնատիպ գրքի ցուցահանդեսի բացման արարողությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, միջոցառմանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հնդկաստանի ազգային գրադարանի տնօրեն Ռաջենդրա Կումարը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ինչպես նաև հնդիկ պաշտոնյաներ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տնօրինության և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես են եկել դեսպան Հակոբյանը, ազգային գրադարանների տնօրենները: ՀՀ դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Հնդկաստանն այս կարևոր ցուցահանդեսի համար պատահական ընտրություն չէր. հայկական առաջին՝ «Ազդարար» պարբերականը տպագրվել է 1794թ. Մադրասում՝ Հարություն Շմավոնյանի կողմից: Ցուցահանդեսում ներկայացված մի շարք գրքեր ևս տպագրված են Հնդկաստանում, մասնավորապես՝ Մադրասում և Կալկաթայում»: ՀՀ դեսպանն իր շնորհակալությունը է հայտնել հնդկական կողմին ցուցահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հանդիսության ընթացքում Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները ներկայացրեցլ են հայկական երաժշտական ստեղծագործություններ:

Ցուցահանդեսում, որը տևելու է մինչև ապրիլի 12-ը, ներկայացված են Հայաստանի ազգային գրադարանից բերված և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի գրադարանի կողմից տրված գրքեր: Ներկայացված գրքերի թվում են 1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից տպագրած «Ուրբաթագիրքը», 1666-68թթ. Ամստերդամում տպագրված «Աստվածաշունչը», 1794-96թթ. Մադրասում տպագրված «Ազդարարը» և այլ արժեքավոր գրքեր:

Տարածել`
Share

You may also like...