«Հայ ժողովրդի թերություններն ու արատները ավելի շեշտված են իր մտավորականության մեջ»: Գարեգին Նժդեհ

Մեր քաղաքական ու թվական անզորության և հատվածականությանց բերումով` հայը դառել է մեղկ, զիջող և նկուն օտարի հանդեպ, հիացողն ու խնկարկողը օտար ուժի, հավատացող օտար աստվածությունների: Դարերով զենք չի բռնել նրա ձեռքը, ինչպես և նա ազատ չի եղել` աներկյուղ ու անկաշկանդ սիրելու և պաշտելու ազգայինը: Հայը, մասամբ, դեռ անընդունակ է գիտակցական զոհաբերության, և բարձր թռիչքների, որովհետև անկարելի է եղել իշխող բարբարոս ժողովուրդների կրունկի տակ նման առաքինությունների մշակումը: Անանձնական բնույթ կրող այն ամենը, ինչ որ կատարված է նրա կողմից իր ստրկական գոյության ձիգ դարերի ընթացքին, եղել է հարկադրաբար, ակամայից: Այո՛, հայը իր նկարագրի ստվերային կողմերի մի խոշոր մասը կը պարտի դարերի ստրկությանը: Օտարի ծանր գարշապարը ժամանակ է ունեցել մեկիկ-մեկիկ տրորելու նրա ցեղային առաքինությունները: Ահա՛ թե ինչու այսօր, անշուշտ ոչ իր ամբողջության մեջ, նա պարտվողական է, անհայրենասեր և անարի: Դարերով նրա հայացքը կտրված է եղել կյանքի բարձունքներից, ճակատը` խոնարհ, մտածումը` թևաբեկ, ցանկությունները` երկչոտ:

Հայ ժողովրդի թերություններն ու արատները ավելի շեշտված են իր մտավորականության մեջ: Հայ մտավորականի հոգին անհամեմատորեն ավելի է ամայացած: Պարզ ժողովուրդը երբ և ուր որ հնարավոր է եղել, խուսափել է հրապարակից, քաշվել ու կծկվել է իր հարկի տակ: Հայ մտավորականը, ընդհակառակը, որպես հասարակության և հրապարակի մարդ, ավելի լայն հարաբերություններ, գործուն էության ավելի մեծ ասպարեզ ունենալով, ավելի է ենթակա եղել օտարի այլասերիչ ազդեցությանը: Նա հաճախ իր ցեղային առաքինությունների խաթարման գնով է հարմարվել անհարազատ միջավայրին: Եվ զարմանալի չէ, որ այսօր հայ մտավորականության որոշ մասը ցեղային բարոյականի փոխարեն միայն հասարակական մեռյալ ծիսակատարություններ ունի: Քիչ չեն «ստվեր և զովություն» փնտրողները, մասնավորապես քաղաքական հոսանքների մեջ, ինչպես և նրանք, որոնց հոգևոր ողջ հարստությունը իրենց լեզվի ծայրին է և բառերի մեջ: Գիտեն և սիրում են ճառել զայրույթով, թե քանիցս չար նախանձի երեսից է կործանվել Հայաստան երկիրը, բայց և այնպես հազվագյուտ չէ հոգևոր դեղնությամբ տառապողը մեր կյանքում:

Հոգեպես ծույլ` հայ մտավորականներից շատերը չեն հավատում իրենց ցեղի հանճարի ուժին: Շատերի համար չկան ազգային մեծություններ: Իրենք տկար` արտաքին թշնամին միշտ էլ գայլ է թվում իրենց: Սիրում են և ղեկավարի դերը, բայց չեն արդարացնում այդ անունը: Մտնելով կուսակցությունների մեջ` արժեքավորում են իրենց անձը և ոչ կուսակցությունը: Եվ հաճախ իրենց եսին ստորադասում են կուսակցությունը, այդ վերջինին` իրենց ժողովրդի շահերը: Այսպես, շատ են և հասկանալի հայ հոգեբանության ստվերային կողմերը: Դարերով զրկված պետական կյանքից` հայությունը, մասնավորապես նրա մտավորական տարրը իրեն ազատ է համարել հավաքական պարտականություններից: Զրկվելով պատասխանատու պաշտոնների մեջ երևանալու հնարավորությունից` ժամանակի ընթացքում հայ մտավորականի մեջ չքանալու աստիճան տկարացել է պատասխանատվության զգացումը: Նա օտարին ծառայել է կես սրտով, ակամայից: Եվ օտարի դարեր տևող նվաստացուցիչ վերաբերմունքը, հասարակական կյանքի և անանձնական իդեալների և պարտականությունների պակասը հայ մարդուն սերտորեն կապել են իր նեղ հարկին, իր ընտանիքին:
Հասկանալի է, որ նման հոգեբանական մթնոլորտում դարերով շնչող ժողովուրդը պիտի այլանդակեր իր հասկացողությունը հասարակական և պետական կյանքի մասին, պիտի կլանվեր առօրյա կյանքի արտաքին շինարարությամբ, դառնալով զգալիորեն անտարբեր դեպի իր ցեղի հավաքական ճակատագիրը և պիտի կորցներ իր ցեղային բարոյականը:

Աղբյուրը՝ vruyrartsruni.wordpress.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed