Հայ ընտանիքի կորսված պատմությունը. Կոնեկտիկուտում ֆոտոցուցահանդես կբացվի

Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի Լայմանի անվան կենտրոնի պատկերասրահում սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 18-ը «Դիլդիլյան եղբայրների ընտանիքի կորսված պատմության վկայությունը՝ օբյեկտիվի միջով» խորագրով լուսանկարների ցուցահանդես կանցկացվի: Համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի ընտանեկան լուսանկարների եզակի հավաքածուն ներկայացնում է նրա ընտանիքի պատմությունն Առաջին աշխարհամարտի եւ օսմանյան կայսրության փլուզման իրադարձությունների ֆոնին:

«Massis Post»-ի փոխանցմամբ, Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի ղեկավար Մերի Փափազյանը սեպտեմբերի 10-ին՝ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, մեդալ կհանձնի հատուկ հյուրի՝ Հայկական մանկավարժական պետական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին՝ Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի եւ Եվրոպայում ու նրա սահմաններից դուրս կրթական այլ հաստատությունների հետ միջազգային կապերի միջոցով Հայաստանում կրթական որակի բարելավմանը նպաստելու համար:

Արմեն Մարսուբյանի պապն ու նրա եղբայրը՝ Ցոլակ եւ Արա Դիլդիլյանները, լուսանկարիչ են եղել, որոնք աշխատել են Օսմանյան Թուրքիայի Մարզիֆոն քաղաքի Անատոլիական քոլեջում եւ քաղաքապետարանում: 1890-1922 թվականներին Ցոլակը տարածաշրջանում հայտնի լուսանկարիչ է եղել: Լուսանկարների հավաքածուի մեծ մասը հասել է Մարսուբյանին: Դրանցում 1888-1922 թվականների բազմաթիվ լուսանկարներ կան, որոնք ներառում են նաեւ Հայոց ցեղասպանության տարիները:

Ցուցադրությունը, որը նախկինում անցկացվել է Մերզիֆոնում, Ստամբուլում եւ Դիարբեքիրում, գրավել է միջազգային մամուլի ուշադրությունը: Աշնանն այն կներկայացվի նաեւ Լոնդոնի Հոլոքոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրության գրադարանում, ինչպես նաեւ Անկարայում, Երեւանում եւ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում:

Տարածել`
Share

Tags

You may also like...