Հայ գեղանկարիչների աշխատանքները ներկայացվեցին Լիբանանում

Այս օրերին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ընթանում է ՀՀ անկախության 25-ամյակին և «Նոյյան Տապան» պատկերասրահի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Քսան տարիներ և անդին» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Բացման հանդիսությանը ելույթ ունեցավ «Նոյյան Տապան» պատկերասրահի տնօրեն Մովսես Հերգելյանը: Նրա հետ հարցազրույցը ներկայացվում է ստորև՝ «Իրավունքը»-ի լուսաբանմամբ:
Պարոն Հերգելյան 20 տարի շարունակ հայ գեղանկարիչների գործերը, Ձերնախաձեռնությամբ, ներկայացվում են աշխարհի հեղինակավոր փառատոներում,ցուցահանդեսներում: Փորձենք ամփոփել անցնող երկու տասնամյակի գործունեությունը:
– «Նոյյան Տապան» պատկերասրահը հիմնադրվել է չորս ընկերների կողմից, ինձ հետ եղել են արվեստաբան Հենրիկ Իգիթյանը և երկու մեկենաս ընկերներ՝ Մհեր Սահակյանը, Ռուբեն Ավագյանը: Նախաձեռնությունը գալիս էր Հենրիկ Իգիթյանից և հիմնական դրդապատճառը այն էր, որ այդ տարիներին Հայաստանում կերպարվեստը ծաղկում էր ապրում և դրանց որակի ու քանակի համապատասխան շուկա գոյություն չուներ: Ցուցասրահի պաշտոնական բացումից հետո որոշել էինք ցուցասրահ ունենալ ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում, սակայն որոշ պատճառներով դրանք փակվեցին և այդ ցուցասրահի գործունեությունը համաձայնաբար շարունակեցի ես: Մինչ օրս ցուցասրահը մասնակցել է 35 միջազգային փառատոների, իսկ 36-րդը պետք է լինի առաջիկա հունվարին Սինգապուրում: Մինչ օրս կազմակերպել ենք 100-ից ավելի ցուցահանդեսներ, որոնց շարքում նաև հինգը` բարեգործական բնույթի:
– Նոր անունների, նոր հեղինակների բացահայտումն ու հանրահռչակումը «ՆոյյանՏապան» պատկերասրահի գործունեության կարևոր բաղադրիչն է հանդիսանում: Ովքերեն այսօր ժամանակակից հայ գեղանկարչությունը Ձեր միջոցով ներկայացնումաշխարհին:
– Ունենք հիմնականում չորս գեղանկարիչ, որոնց ներկայացնելու բացառիկ իրավունքը մեզ է պատկանում: Դրանք են Վահրամ Դավթյան, Սուրեն Ոսկանյան, Դավիթ Դավթյան և Էդիկ Բերթյան: Ունենք նաև մի շարք գեղանկարիչներ, որոնց ցուցադրելու իրավունքը մեզանից բացի վերապահված է նաև մեկ այլ ընկերության, որոնցից են Յուրոզը, Ռուբեն Աբովյանը, Վահան Ռումելյանը, Պերճ Չաքեջյանը, Մկրտիչ Մազմանյանը և ուրիշներ: Ունենք մի շատ կարևոր լիբանանահայ արվեստագետ՝ Ժան Դարբինյանը, ով մազապուրծ էր եղել եղեռնից և որի ստեղծագործությունները դեռևս հավաքում ենք, ապագայում անպայման կներկայացնենք առանձին ցուցահանդեսով և կհրատարակենք պատկերագիրքը: Նա եղել է Միշլեի աշակերտը, Հարություն Կալենցի հետ միասին: Կան նաև այլ հայտնի արվեստագետներ, որոնց հետ շարունակում ենք համագործակցել, որոնց թվում են Գառզուն, Ասատուրը, Զավեն Խտշյանը, Տիգրան Տատրյանը և այլոք: Մենք պարբերաբար ցուցադրում ենք լիբանանցի և միջազգային այլ հայտնի գեղանկարիչների աշխատանքներ: Մեր գործունեության արդյունք է նաև այն, որ ես անձնապես որպես արվեստաբան այս քսան տարվա ընթացքում աշխատակցել եմ արվեստի մի շարք հեղինակավոր պարբերականների, որոնցում ներկայացրել եմ հայ գեղանկարիչներին: Հանդես եմ եկել նաև դասախոսություններով, որոնցում ներկայացրել եմ հայ ժամանակակից գեղանկարչությունը:
-Արդեն քսան տարի է հայկական գեղանկարչությունը ցուցադրում եք աշխարհի տասնյակերկրներում, սակայն ո՞րն է պատճառը, որ հայրենիքում դեռևս առիթ չեք ունեցեքհավաքական ցուցահանդես ունենալու:
– Հիմնական պատճառը այն է, որ այդ գեղանկարիչների գործերը ի սկզբանե խնդիր էինք դրել աշխարհում ներկայացնելու, սակայն արդեն հասունացել է պահը Հայաստանում նույնպես հավաքական ցուցահանդես ունենալու՝ ցուցասրահի 20-ամյա հոբելյանի առթիվ: Այս ամբողջ տարիների ընթացքում մեծածավալ հրատարակչական աշխատանք ենք իրականացրել, սակայն այս ամենի շնորհանդեսը անելու առիթ դեռևս չենք ունեցել: Իբրև մեր 20-ամյա գործունեության հաշվետվություն, ուզում ենք արվեստասեր հասարակությանը ներկայացնել դրանք: Մենք այն համոզմանն ենք, որ հայկական ցուցասրահները պետք է միասնաբար աշխատեն՝ ի նպաստ հայ գեղանկարիչների հանրահչակման: Այս ուղղությամբ մեզ հետ միասին մեծ աշխատանք է իրականացնում նաև Երևանի «Բարձր արվեստ» ցուցասրահը: Հայաստանի մեջ ցուցադրվելն անչափ կարևորում ենք, որպեսզի մեր ժողովուրդը իմանա նաև, որ եթե ճիշտ և տեղին աշխատանք տարվի մեր լավագույն գեղանկարիչներին կարող ենք դարձնել միջազգային հարթակներում պահանջված արվեստագետներ:
Զրուցեց՝ Լիլիթ Եղիազարյանը
Աղբյուրը՝ iravunk.com
- Previous Հայ սաները մասնակցում են Մյունխենում կազմակերպված ցուցահանդեսին
- Next «Ես վավերագրել եմ Թուրքիայի հայկական ժառանգությունը, քանի որ շուտով չենք կարողանա նույնիսկ սրանք գտնել». Ումութ Վեդաթի