Հայ անիմատորները կվերապատրաստվեն Անգուլեմի անիմացիոն կինոյի դպրոցում

Երիտասարդ անիմատորներ Լևոն Բաղդասարյանը և Շուշանիկ Եսայանը 2016 թվականին կմեկնեն Անգուլեմի անիմացիոն կինոյի դպրոց` վերապատրաստման դասընթացների մասնակցելու նպատակով: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն առաջին անգամ կրթաթոշակ տրամադրեց երիտասարդներին:

«Ֆրանսիական անիմացիոն ֆիլմերը հայտնի են աշխարհում: Վերջին 10 տարվա ընթացքում դրանք նույնքան շատ են ցուցադրվել Ֆրանսիայում և արտասահմանում, որքան գեղարվեստական ֆիլմերը: Ֆրանսիան ամեն ինչ անում է, որ Հայաստանում ևս զարգանան ստեղծագործ ինդուստրիաները: Ֆրանսիայի դեսպանատունը բազմաթիվ կինոփառատոնների է աջակցում, ինչպես «Ոսկե ծիրանը», «ՌեԱնիմանիան» և այլն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդ Նատալ ա Ցագրիսը:

Նա շեշտեց, որ դեսպանությունը տարբեր փառատոնների հետ համագործակցությունն ընդլայնելու ցանկություն ունի, և առաջիկայում համագործակցելու են «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի հետ:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև շատ բնագավառներ կան, որտեղ կարելի է զարգացնել համագործակցությունը: Ֆրանսիայի դեսպանությունը շարունակելու է համագործակցությունը «ՌեԱնիմանիա» փառատոնի հետ»,-նշեց Նատալիա Ցագրիսը` շեշտելով` իրենք ցանկանում ենք, որ հայ երիտասարդները ծանոթանան անիմացիոն նոր մեթոդներին։

«ՌեԱնիմանիա»-ի տնօրեն Վրեժ Քասունին շեշտեց, որ միջազգային փառատոնը ակտիվ համագործակցում է Ֆրանսիայի դեսպանության հետ:

«Մենք այս տարի Ֆրանսիայից բազմաթիվ հայտեր ենք ստացել, փառատոնի ընթացքում 450 ֆիլմեր ենք ցուցադրել, դրանցից 50-ը` ֆրանսիական կինոնկարներ:  «ՌեԱնիմանիա»-ի գլխավոր նպատակներից էր ոչ միայն ֆիլմեր ցուցադրելը, այլև վարպետության դասեր անցնելը: Այս տարի պաշտոնապես կրթաթոշակի ծրագիր ունեցանք: Անգուլեմը հայտնի անիմացիայի կենտրոն է Եվրոպայում, սա առաջին քայլն է, շարունակելու ենք համագործակցությունն այլ դպրոցների հետ»,-նշեց Վրեժ Քասունին:

Նա շեշտեց, որ Անգուլեմի անիմացիոն կինոյի դպրոց մեկնող հայ երիտասարդները պետք է վերադառնան և աշխատեն, սովորեցնեն իրենց գործընկերներին նոր մեթոդներ:

Կրթաթոշակի համար մրցույթը հայտարարվել էր դեռևս հոկտեմբերի 9-ին, և ընտրությունը կատարել էր Անգուլեմի անիմացիոն կինոյի դպրոցը: Հայտ ներկայացրած երիտասարդ անիմատորներից Լևոն Բաղդասարյանն արժանացավ առաջին կրթաթոշակին, որը հնարավորություն է տալիս 2016 թվականի հունվարին մեկ ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց: Իսկ Շուշանիկ Եսայանը վերապատրաստման դասընթացի կմեկնի երկրորդ կրթաթոշակով 2016 թ. ապրիլ-մայիս ամիսներին` 1,5 ամսով: Կրթաթոշակառուները փառատոնին և դեսպանությանը շնորհակալություն հայտնեցին նման հնարավորության համար:

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին: Փառատոնի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի  զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային տարբեր հարթակներում: Ամեն տարի փառատոնի շրջանակում տեղի են  ունենում  բազմաթիվ անիմացիոն ֆիլմերի միջազգային և տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվում են վարպետության դասեր:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայ անիմատորները կվերապատրաստվեն Անգուլեմի անիմացիոն կինոյի դպրոցում”

Leave a Reply

Your email address will not be published.