Հայտնաբերվել է Ժորժ Մելիեսի կորսված ֆիլմը

Այս տարի լրանում է կինեմատոգրաֆի հիմնադիրներից մեկի՝ ֆրանսիացի ռեժիսոր Ժորժ Մելիեսի ծննդյան 155-ամյակը, և, երջանիկ պատահականությամբ, այդ հոբելյանը նշանավորվել է մի բացառիկ գտածոյով․ Չեխիայի ազգային արխիվում հայտնաբերվել է Մելիեսի՝ 112 տարի առաջ նկարահանված և մինչ օրս անհետ կորած համարվող ֆիլմը։

Ջոն Տուրտուրոն ֆիլմ է նկարահանում «Մեծն Լեբովսկու» մոտիվներով
Բեն Աֆլեքն էկրանավորելու է Ագաթա Քրիստիի «Մեղադրական կողմի վկան»
Լավագույն ֆիլմերն՝ ըստ Եվրոպական կինոակադեմիայի և BBC-ի
1896-1912թթ-ի ընթացքում ռեժիսոր և մեծ նորարար Ժորժ Մելիեսը նկարահանել է ավելի քան 500 ֆիլմ՝ իր անգնահատելի ներդրումն ունենալով կինեմատոգրաֆի զարգացման գործում։ Այդ ժամանակ նրա հռչակը արդեն վաղուց տարածվել էր Փարիզի սահմաններից դուրս։ Լինելով նաև գործարար՝ Մելիեսն ինքն էր ֆինանսավորում իր ֆիլմերը և միջոցներ չէր խնայում դրա համար։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, սակայն, սկսվեց տնտեսական ճգնաժամ, և Մելիեսը զրկվեց կինեմատոգրաֆում ներդրումներ կատարելու հնարավորությունից, իսկ նրա ֆիլմերի զգալի մասը անհետ կորավ։

Ավելի քան 100 տարի անց նրա կորսված ֆիլմերից մեկը գտնվել է Չեխիայի ազգային արխիվում, որտեղ, այդ հաստատության ղեկավարի տեղեկացմամբ, հայտնվել է պատահաբար՝ անհատ կոլեկցիոների նվիրատվության արդյունքում։ Կինոժապավենի տուփի վրա գրված է եղել Մելիեսի մեկ այլ ֆիլմի անվանումը, սակայն նախնական դիտումից և հետագա ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ խոսքը 1904թ-ին նկարահանված կորուսյալ ֆիլմերից մեկի մասին է։ Այդ բացահայտումն իսկական սենսացիա է առաջացրել կինոաշխարհում։ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» լեգենդար ֆիլմի հեղինակը թողել է հսկայական կինոժառանգություն, որի անհետացած նմուշների որոնումներն այսօր էլ շարունակվում են։

Գտնված համր ֆիլմի տևողությունը 2 րոպե է, և այն այսուհետ կհամալրի Մելիեսի՝ մինչև մեր օրերը պահպանված 200 կարճ ֆիլմերի ցանկը։ «Աճպարարության մրցույթ» անվանմամբ այս ֆիլմը պատմում է մի հրաշագործ աճպարարի մասին, ով տիրապետում է աներևակայելի հնարքների՝ ընդհուպ մինչև ինքն իրեն երկու մասի բաժանելը։ Առաջիկայում նախատեսվում է ֆիլմը հասանելի դարձնել լայն հանդիսատեսի համար։

Ժորժ Մելիեսի «Ճանապարհորդություն դեպի Լուսին» ֆիլմը

https://www.youtube.com/watch?v=_FrdVdKlxUk
Տարածել`
Share

You may also like...