Հայտնաբերվել է Գրիգորիս Եպիսկոպոսի դամբարանի մուտքը

Արցախի Մարտունու շրջանում գտնվող Ամարաս վանական համալիրը վաղ քրիստոնեական շրջանում կառուցված ամենալավ պահպանված հուշարձաններից է, որի նկատմամաբ բոլոր ժամանակներում է եղել է մեծ հետաքրքրություն: Պատահական չէ, որ համալիրի տարածքում հաճախ են հնագիտական պեղումներ իրականացվում, որի արդյունքում IV դ. սկզբին կառուցված Սուրբ Գրիգորիս եկեղեցում հայտնաբերվել է Գրիգորիս Եպիսկոպոսի դամբարանի արեւելյան մուտքը: Հնագետ Համլետ Պետրոսյանը նշում է՝ Ամարասի դամբարանի պեղումները սկսելու համար առիթ է եղել Տիգրանակերտի երկրորդ նորահայտ եկեղեցու տակ վաղ քրիստոնեական դամբարաններին հատուկ արեւմտյան մուտքով դամբարանի հայտնաբերումը. «Սուրբ Գրիգորիսի դամբարանի արևելյան պատի փակ լինելն էլ առիթ եղավ պեղումներն սկսելու: Մեզանից առաջ, իհարկե, ադրբեջանցիներն էին պեղումներ կատարել, գտանք նաև 1959 թ. շիշը, որտեղ գրված էր, որ պեղումներ են կատարել ու ոչինչ չեն գտել, սակայն, մենք ցանկալի արդյունքի հասանք»:
Հնագետի խոսքով՝ Գրիգորիսի դամբարանի հայտնաբերված արևելյան մուտքն ունի 2մ լայնությամբ ու 2,5 մ երկարությամբ սալահատակ, որը քրիստոնեական այլ կառույցներում բացակայում է. «Բացել ենք նաև դամբարանի միջանցքի շարունակությունն արեւելյան հատվածում, դեպի դամբարան տանող աստիճանները և աստիճաններից դուրս սրբատաշ հարթակը: Դրսից բացել ենք նաև մատուռի գետնախարիսխը, որն ունեցել է վերգետնյա ու ստորգետնյա հատված»:
Հնագետի խոսքով` փլուզման վտանգի պատճառով ամբողջությամբ չի բացվել մատուռի արևելյան մուտքը. «Քրիստոնեական վաղ գաղափարաբանության մեջ հավատացյալի շարժումը արևմուտքից դեպի արևելք էր: Արևելքից սպասվում էր Քրիստոսի երկրորդ գալուստը, որն արդարության արեգակն էր: Հանգուցյալների համար թաղումն անում էին արևելքից արևմուտք՝ հանգուցյալի գլուխը պետք է լիներ արևմուտքում` հայացքն ուղղած դեպի արևելք: Դրանով պայմանավորված է նաև վաղ քրիստոնեական գերեզմանական ճարտարապետությունը»:
Հիշեցենենք, որ Ամարասի վանական համալիրը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարի սկզբին:
Վանական համալիրը տարբեր ժամանակահատվածներում օգտագործվել է տարբեր նպատակներով` ծառայել է որպես ամրոց, մաքսատուն, ապա նաև 19-րդ դարում վերականգնվել է և 1992-ից կրկին ծառայում է որպես եկեղեցի:
Այն հանդիսանում է Արցախի հայկական ճարտարապետական վաղ շրջանի կոթողներից մեկը:
- Previous Նկարում են հայ ճարտարապետները
- Next Հայագետ Սերգեյ Աբրահամյանի մասին պատմող ֆիլմը ներկայացվել է Փարիզում