Հայոց ցեղասպանության մասին համշենահայ ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Թուրքիայում

Համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերի նոր ֆիլմը, որը կպատմի Հայոց ցեղասպանության մասին, դեկտեմբերին դուրս կգա մեծ էկրաններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այս մասին Ստամբուլի «Նոր Մարմարա» պարբերականի հետ զրույցում հայտնել է Ալփերը:

«Հովի հուշերը» անունը կրող ֆիլմը պատմում է ընդդիմադիր հայ լրագրող, մտավորական Արամի մասին: Դեպքերը տեղի են ունենում 1940-ական թվականներին, երբ Արամը տարվում է 1915 թվականի Մեծ եղեռնի հուշերով ու սկսում է տառապել դրանց բացած բարոյական վերքերից:

Խոսելով ֆիլմի մասին՝ ռեժիսորը նկատում է, որ իր նպատակն անցյալը հետ բերելն է, քանի որ հենց անցյալն է պայամանավորում ներկան ու ապագան: «Անհնար է փրկվել անցյալից: Եթե այն դռնից վռնդես, ծխնելույզից ներս կմտնի: Անցյալն ուրանալով՝ ոչ մի տեղ չես հասնի… Ես քառասուն տարեկան եմ և նոր եմ հայր դարձել: Հուսով եմ, որ երբ աղջիկս էլ դառնա քառասուն տարեկան, անհրաժեշտություն չի ունենա մտածելու այն նույն հարցերի մասին, ինչ ես՝ հիմա: Հետևաբար իմ ֆիլմերը զբաղված են նոր «այսօր» ստեղծելու խնդրով»,- նշել է Ալփերը:

Նա քննադատել է նաև մեր օրերում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ ասելով. «Ի՞նչ եղավ մեզ: Երկրում դիակներ են քարշ տրվում փողոցում, սահմանին դիակները չեն հանձնվում իրենց տերերին: Եթե թշնամի է, ապա մահացած է, ինչո՞ւ մեռյալի նկատմամբ հարգանք չի ցուցաբերվում՝ հակառակ նրա, որ մեր կրոնը պատվիրում է հարգել մեռյալին»:

Ալփերն անդրադարձել է նաև գերմանացի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմին և դրա ցուցադրությանը Թուրքիայում՝ ընդգծելով, որ այդ նախադեպն ավելի մեծ ուժ է տալիս իրեն:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայոց ցեղասպանության մասին համշենահայ ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Թուրքիայում”

Leave a Reply

Your email address will not be published.