Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում չորս գիրք է ներկայացվել

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում այսօր միանգամից  չորս գրքերի շնորհանդես էր. Արման Կիրակոսյանի՝ «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում», Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունները, Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները», ինչպես նաև «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը, որոնք բոլորն էլ հրատարակվել են Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կողմից:

«Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» ձեռնարկի հեղինակ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը նկատեց, թե ինքը ուսումնասիրել է ժամանակակից ամերիկյան հանրագիտարանները՝  հասկանալու, թե ինչպես է արտացոլված հանրագիտարաններում Հայոց ցեղասպանության հարցը:

Նա նկատեց, որ երբ աշխատում էր որպես ՀՀ դեսպան ԱՄՆ-ում, կարդացել «Ցեղասպանության թանգարան» հանրագիտարանը, որտեղ էլ առաջին փորձն էր Հայոց ցեղասպանություն ընդգրկել Ցեղասպանության կոնտեքստում: Ըստ նրա՝ մինչ այդ հարցը բացասական էր արտացոլվում հանրագիտարաններում, որտեղ 1915թ-ի իրադարձությունները չեն որակում որպես ցեղասպանություն: «Սա առաջին հանրագիտարանն էր, որը որակեց որպես ցեղասպանություն»,-ասաց նա և  հավելեց, որ դրանից հետո արդեն  15 տարիների ընթացքում իրողությունը բոլորովին այլ էր:

«15 տարիների նյութը հասցրել եմ ամփոփել մեկ ձեռնարկում, որտեղ 40 հանրգիտարան է ներառված, հեղինակներն են առաջատար մասնագետներ, ոչ միայն ԱՄՆ-ից, այլ տարբեր երկրներից, ցեղասպանագետներ: Ես փորձել եմ նյութը բաժանել 16 գլուխների, որը և կոնցեպտուալ բնույթի են, և պատմական, և ժամանակագրական»,-ասաց նա:

Արման Կիրակոսյանը նշեց, որ կարծում է՝ Հայաստանն այս ոլորտում կարիք ունի առանձին հանրագիտարանի: «Ունենք մասնագետներ, կարևոր է, որ միավորենք սփյուռքի և ՀՀ-ի պատմաբանների ուժերը, պատրաստելու նման հանրագիտարան»,-ասաց նա:

Թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ տարեվերջին հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը երկու կարևոր հատոր է հրապարակելու Հայոց ցեղասպանության հանրագիտարան՝ հայերն և անգլերեն լեզուներով:
«Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունը ներկայացրեց Ռոբերտ Թաթոյանը, որ նկատեց, թե թեման ամենահակասական հարցերից մեկն է, որովհետև թուրքական ժամանակակից պատմագրությունը և իշխանությունները ժխտում են հայոց ցեղասպանությունը՝ հիմնվելով օսմանյան վիճակագրության վրա՝ համարելով օսմանահպատակ հայերի թիվը եղել է 1 300 000 մարդ:

«Փորձել եմ վերլուծել այդ ժամանակ հրապարակի վրա եղած երկու կարևորագույն մարմիների տվյալները՝ Օսմանյան կայսրության և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի ունեցած տվյալներով, որոնք միայն իրավունք ունեին  հաշվարկներ անցկացնել»,-ասաց նա:

Ռոբերտ Թաթոյանը նշեց, որ երեք գլուխներում էլ ինքը հաստատում է, որ մինչ հայկական հարցը 2 400 000 հայ է եղել Օսմանյան Թուրքիայում, իսկ երբ հայկական հարցը դրվել է օրակարգ, միանգամից երկու անգամ նվազեցրել են օսմանահպատակ հայերի թվաքանակը: Ըստ նրա՝ հաշվառումից խուսափելու ձգտումը նույնպես ազդել է թվաքանկի նվազման վրա:
Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները» գիրքը ներկայացրեց Հայկ Դեմոյանը, ով նշեց, որ աշխատությունն արվել է  հոգեբանական, գրականագիտական մեթոդոլոգիայի կիրառմամբ: «Հեղինակն անդրադարձել է, թե երկրորդ սերնդի մոտ Հայոց ցեղասպանությունը ինչպիսի արձագանքներ է ստացել գրական աշխատանքներում, դրանցում արտացոլվում են մարդու հոգեբանական մոտեցումները»,– ասաց նա:

«Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգին անդրադառնալիս, Հայկ Դեմոյանը նշեց, որ երկու օր առաջ Օսլոյում բացվել է հենց այս թեմայով ցուցադրությունը:  Վերջում նա վկայականներ և հուշամեդալներ հանձնեց այն անձանց ու կազմակերպություններին, որոնք աջակցել են այս գրքերի հրապարկմանը:

Տարածել`
Share

You may also like...