Հայոց թագուհի Սաթենիկը

Հայոց պատմության մեջ թագավորների հետ իրենց կարևոր դերն ունեցել են նաև Հայաստանի թագուհիները: Միջին դարերում հարյուրից ավելի թագուհիներ դարձել են Հայաստանի հարևան քրիստոնյա տերությունների թագուհիներ և իշխանուհիներ: Նրանց կարող ենք անվանել հայ թագուհիներ, բայց ոչ Հայաստանի: Հայաստանի թագուհիները եղել են հայոց պետական կազմավորումների ղեկավարների կանայք: Ըստ մեզ հայտնի տեղեկությունների՝ Հայաստանն ունեցել է 150 թագուհի: 104-ը բնիկ հայեր էին,  տասը՝ ֆրանսուհիներ, ինը՝ հույներ, վեց պարսիկ, վեց հռոմեացի և այլ ազգերի ներկայացուցիչներ: 

Սաթենիկը (մ.թ.ա. III-II  դ.դ.) ալանական արմատներով արքայադուստր էր, որը դարձավ Արտաշես Ա թագավորի կինը: Ի՞նչպես այդպես ստացվեց, որ ալանների արքայադուստրը դարձավ հայ թագավորի կինը: Այս մասին պատմում է միջնադարյան հայ պատմիչ Մովսես Խորենացին:

Այս ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»: Ստեղծվել է հավանաբար մ. թ. ա. II–I դարերում: Ըստ այդ զրույցի՝ ալանները (ներկայիս օսերի նախնիները) կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին.
Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր 
խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, 
որ դյուցազունները
Այլ դյուցազունների զավակներին 
զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների 
                             կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:
Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվել է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.
Հեծավ արի արքա Արտաշեսը
գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ 
անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ 
                                           օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը:
Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել: Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.
Ոսկի անձրև էր տեղում 
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում 
Սաթենիկի հարսնության պահին:
Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:
Աղբյուրը՝ newsline.am
Տարածել`
Share

You may also like...