Հայկական այբուբենը` ղպտական այբուբենի և չինական հիերոգլիֆների կողքին

Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է ներկայացնում հայկական այբուբենի մասին, որը տեղ է գտել ղպտական այբուբենի և չինական հիերոգլիֆների կողքին։

17-րդ դարի վերջին քառորդի՝ 18-րդ դարի սկզբի հոլանդացի տաղանդաշատ նկարիչ, փորագրիչ և բանաստեղծ Յան Լոյկենը (Jan Luyken, Ян Лёйкен) ապրել և ստեղծագործել է Ամստերդամում: Նրա կոթողային գործերից են համարվում 1681 թվականին հրատարակված «Նոր ծովային ջահ» («Nieuwe Lichtende Zee-Fakkel») հինգ հատորանոց քարտեզագրական ատլասի համար արված փորագրանկարները (գրավյուրներ), ինչպես նաև «Մարտիրոսների հայելի» («Martyrs Mirror», 1685) և «Մարդկության արհեստներ» («Het Menselyk Bedryf», 1694) գրքերի նկարազարդումները:

1690 թվականին Յան Լոյկենը ստեղծեց բացառիկ գրավյուրների շարք, որտեղ պատկերված են աշխարհի հնագույն այբուբենների տառատեսակները, ինչպես նաև տրվում են նրանց լատինատառ անունները: Գեղարվեստական մեծ ճաշակով արված այդ գրավյուրներից մեկի վրա` ղպտական այբուբենի և չինական հիերոգլիֆների կողքին տեղ է գտել նաև հայոց Մաշտոցյան այբուբենը ներկայացնող պատկերը՝ «Armenisch Alphabet» նշումով:

Յան Լոյկենի հեղինակած աշխարհի հնագույն այբուբենների գրավյուրների շարքը մի քանի խմբաքանակներով հրատարակվել է Ամստերդամում՝ հրատարակիչ և գիտնական Վիլհելմուս Գուրեի (Wilhelmus Goeree) կողմից: Այն համարվում է առաջին տպագրություններից, որտեղ տառերի պատկերի հետ արտացոլված է նաև նրանց համապատասխան անվանահամակարգը, հայերենի տարբերակում՝ «Ա-այբ, Բ-բեն, Գ-գիմ, Դ-դա», և այլն: Նշենք, որ գրավյուրների այդ շարքը ներառում է իր մեջ, բացի վերոնշվածներից, նաև սիրիական, փյունիկյան, եգիպտական, եբրայական և մի քանի այլ այբուբեններ:

Армянский алфавит

Յան Լոյկենի կոպտական, հայկական, չինական այբուբենը ներկայացնող գրավյուրի ամբողջական պատկերը. 1690 թ.

Հեղինակ` Ռուբեն Շուխյան

Աղբյուրը` armeniasputnik.am

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed

Արխիվ

October 2019
M T W T F S S
« Sep    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031