«Հայկական օր» խորագրով միջոցառում՝ Լեհաստանի Բիեժուն քաղաքում

Լեհաստանի Բիեժուն քաղաքում օրերս տեղի է ունեցել «Հայկական օր» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էին Բիեժունի քաղաքապետարանը, «Բիեժունի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը եւ Բիեժունի թանգարանը՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանին նվիրված միջոցառման շրջանակներում ներկայացվեցին լեհ ճանաչված հոգեւորական եւ լուսանկարիչ Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. ձեռքի հեռավորություն» խորագրով լուսանկարչական աշխատանքները, որոնցում պատկերված են Հայաստանի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները, ինչպես նաեւ հայ ճանաչված աշխարհագրագետ եւ քարտեզագիր Ռուբեն Գալիչյանի «Հայաստանի պատմական քարտեզներ» ցուցահանդեսը:

Միջոցառման ընթացքում Բիեժունի թանգարանի տնօրենը ներկայացրեց իրենց թանգարանում Հայաստանին նվիրված ցուցադրություն կազմակերպելու նախապատմությունը, ծրագրի նպատակը եւ բովանդակությունը: Այնուհետեւ ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Բիեժունի քաղաքապետ Անդժեյ Շիմայնսկին, Լեհաստանի Սեյմի պատգամավոր Վալդեմար Օլեյնիչակը, Ժուրոմինսկի շրջանային խորհրդի նախագահ Յերժի Ժիմովսկին:

Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին Հայաստանն իրենց քաղաքի ու տարածաշրջանի հասարակությանը ներկայացնելու համար, դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ հայ եւ լեհ ժողովուրդները կապված են դարավոր բարեկամությամբ: Դեսպանը նկատեց, որ անհրաժեշտ է օգտագործել միմյանց մասին առավելագույն իմանալու, ինչպես նաեւ մարդկանց միջեւ շփումները խորացնելու ու երկկողմ բարեկամությունն ամրապնդելու ուղղված բոլոր հնարավորությունները:

Միջոցառմանը ելույթ ունեցավ «Մուսալեռ» գործիքային համույթը:

Միջոցառմանը մասնակցեցին տարածաշրջանի քաղաքական, մշակութային գործիչներ, Բիեժունի եւ հարակից բնակավայրերի հանրակրթական դպրոցների տնօրեններ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կշարունակի գործել մինչեւ 2016 թվականի օգոստոսի 10-ը: Այդ ժամանակահատվածում թանգարան կայցելեն տարածաշրջանի հանրակրթական դպրոցների աշակերտները, որից հետո նրանց միջեւ կանցկացվի Հայաստանին նվիրված նկարների մրցույթ, որի հաղթողների կպարգեւատրվեն Վարշավայում Հայաստանի դեսպանությունում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Հայկական օր» խորագրով միջոցառում՝ Լեհաստանի Բիեժուն քաղաքում”

Leave a Reply

Your email address will not be published.