«Հայկական օրորոցային գոհարներ». 21 երգ մեկ ձայնասկավառակում

Բոլոր մայրերն այսուհետ կարող են իրենց փոքրիկներին քնեցնել հայկական օրորոցային երգերի ներքո: Վերջերս «Արևիկ» հրատարակչությունը թողարկել է «Հայկական օրորոցային գոհարներ» ձայնասկավառակը, որտեղ զետեղված են 20-րդ դարի մի շարք հայ կոմպոզիտորների և տարբեր դարերի հայկական ժողովրդական օրորոցայիններ: Ընդհանուր առմամբ՝ ձայնասկավառակի մեջ զետեղված են 21 երգեր, որոնք կատարում է երգչուհի Անահիտ Պապայանը: Այսօր տեղի ունեցավ ձայնասկավառակի շնորհանդեսը, իսկ մինչ այդ նախագծի հեղինակները հանդես եկան մամուլի ասուլիսով:

Մասնավորապես «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը նշեց, որ նման ձայնասկավառակ թողարկելու գաղափարն առաջացել է այն պատճառով, որ փորձել է իր փոքրիկ աղջկա համար գտնել հայկական օրորոցայիններ՝ ակապելլա տարբերակով:

«Հենց ակապելլա տարբերակն էինք ուզում, որպեսզի նման լիներ մոր՝ երեխայի համար երգելու երևույթին: Չգտնելով այդպիսի մի ձայնագրություն, որոշեցինք մենք ինքներս մեր ուժերով իրականացնել նախագիծը: Մեր պատկերացմամբ՝ երգչուհին անպայման պետք է լիներ մայր, որ անհրաժեշտ զգայարաններով կատարի օրորոցայինները և երկար փնտրտուքներից հետո ընտրեցինք Անահիտ Պապայանին»,-ասաց նա:

Նա նշեց, որ երգերի հավաքագրման աշխատանքն իրականացրել է Կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյանը, իսկ նրան իր խորհրդատվությամբ օգնել է Կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը:

Լրագրողների հետ զրույցում Համասփյուռ Մանուկյանը նշեց, որ աշխատանքը սկսելուց առաջ կարծել է, որ կգտնի մի գիրք, որտեղ հավաքագրված կլինեն բոլոր օրորոցայինները, կընտրի դրանցից մի քանիսը: Սակայն պարզվել է, որ դրանք ցաքուցրիվ վիճակում են և անհրաժեշտ է ուսումնասիրություն իրականացնել ու գտնել այդ երգերը:

«Կոնսերվատորիայում ինձ ցույց տվեցին հատորներ, պահոցներ, որտեղից պետք էր գտնել այդ երգերը: Դա մի մեծ գիտական աշխատանք էր, որ պետք էր անել, իսկ մենք չէին կարող անել: Ի վերջո մենք հավաքեցինք ականջին առավել հարիր, հեշտ ընկալվող երգերը, որպեսզի և՛ մայրերը հեշտ սովորեն, և՛ երեխաները»,-ասաց նա և ընդգծեց, որ այս օրորներն ունեն պատմական, աշխարհագրական, և լեզվական մեծ նշանակություն:

Նշենք, որ ձայնասկավառակի հետ տրվում է փոքրիկ գրքույկ, որտեղ զետեղված են բոլոր 21 երգերի բառերն ու նոտաները:

Պրոֆեսոր Ալինա Փահլևանյանն էլ նշեց, որ ընդհանրապես օրորը շատ կարևոր է երեխայի կյանքում, որովհետև առաջին շփումն է արվեստի հետ, առաջին ու ամուր կապն է մոր ու մանկան միջև:

«Օրորն է, որ մարդուն մարդ է դարձնում, իսկ հայ երեխային դարձնում է հայ: Օրորների ընտրությունը շատ լավն է, որովհետև կան մաքուր ժողովրդական օրորներ, Աստված գիտի, ում կողմից ու երբ ստեղծված, բայց կան կոմպոզիտորական հիանալի ստեղծագործություններ»,-ասաց նա:

Նշենք, որ դիսկերի արտադրությամբ զբաղվել է TM պրոդաքշնը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Հայկական օրորոցային գոհարներ». 21 երգ մեկ ձայնասկավառակում”

Leave a Reply

Your email address will not be published.