Հայկական Քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կհայտնվի ցանկում

panorama.am-ը գրում է՝

Այս տարվա հունիսից Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ. կոնվենցիայի անդամ: Շատ լուրջ ձեռքբերում է,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Ըստ նրա, կարևոր է, որ Հայաստանը դարձել է Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ, քանի որ կոմիտեն ընդունում և հաստատում է տարբեր երկրների հայտերը ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ: Փոխնախարարն ասաց, որ Հայաստանը, լինելով կոմիտեի անդամ,  ունենում է բավականին լուրջ իրավասություններ, քվեարկելու իրավունք:

Ա.Հովակիմյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար  ներկայացրել է քոչարի ավանդական խմբապարը, լրամշակված տարբերակով քննարկվելու է 2017 թ. շրջափուլի ընթացքում:

Ասուլիսին ներկա Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ասաց, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ) ևս:  Նա նշեց, որ ընդունումից հետո շատ երկրներ տարբեր նախաձեռնություններով են հանդես եկել՝ կազմակերպել  մեծանուն նկարչի հոբելյանին նվիրված միջոցառումներ:

«Բնականաբար, Հայաստանը որպես նախաձեռնող, նույնպես իր ծրագրերն ունի, որոնք իրագործվելու են 2017-ին: Համատեղ ծրագրեր ունենք նաև Ռուսաստանի հետ, ներկայումս քննարկվում է Լեհաստանի հետ համատեղ ծրագիրը»,- տեղեկացրեց մշակույթի փոխնախարարը:

Խոսելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում ընդգրկելու հայտերի մասին, նա ասաց, որ այժմ քննարկում են այլ երկրների հետ համատեղ հայտեր կազմելու հնարավորությունը. «Այս ուղղությունը վերջին շրջանում նոր թափ է ստանում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մեծ հետաքրքրություն կա համատեղ հայտերի վերաբերյալ: Համատեղ հայտերի տարբերակներ ենք քննարկում Իրանի, Վրաստանի, նաև Հունաստանի, Կիպրոսի հետ»:

Փոխնարարարը խոսեց նաև Թուրքիայի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի կողմից ներկայացված հնգակողմ հայտի մասին, որը վեաբերում է տափակ հացին:

«Ենթադրելի է, որ նախաձեռնել է այդ հայտի ներկայացումը Ադրբեջանը»,- ասաց Ն. Տեր-Վարդանյանը:

Արտաքին գործերի փոխնախարարը հավելեց, որ հայտում տափակ հացի պատրասելու մշակույթը սկսվում է լավաշից:

«Դա ներկայացվում է որպես Ադրբեջանի կողմից տափակ հացի տեսակ, չնայած երկար ուսումնասիրելուց հետո հայտնաբերեցինք, որ  Ադրբեջանում տափակ հացը տարբեր անվանումներ ունի, գուցե լավաշն ամենավերջին տեղն է գրավում: Բայց հայտում հենց առաջին տեղում է: Ադրբեջանի համար նորություն չէ հարևան երկրների մշակույթների, ժառանգության վրա հիմնել իր պատմական, մշակութային ժառանգությունը, հայտեր ներկայացնել, որոնք ժամանակ առ ժամանակ, ցավոք, անցնում են: Մենք անպատասխան չթողեցինք նման հայտը, մեր մշտական ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գլխավոր տնօրենին նամակ է ուղարկել, որտեղ հստակ նշվել է այս հայտի քաղաքական դրդապատճառները, հատուկ լավաշի անուն նշելը»,- ասաց նա:

Այս հայտը քննարկվելու է դեկտեմբերյան նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ հայկական լավաշը 2014 թվականին  ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, թեև Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի այն չներառվի ցուցակում:
«Հայտի քննարկման ընթացքում արդեն իսկ հարևան պետությունը հիստերիա էր բարձրացրել, որ լավաշը նաև իրենցն է: Նրանք փորձեցին ձախողել հայկական հայտի ընդունումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հարթակը դարձնելով  քաղաքական հակամարտության թատերաբեմ: Իհարկե, դա նրանց չհաջողվեց»,-ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր  շակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը:

Խոսելով Հայաստանի կողմից նոր հայտեր ներկայացնելու մասին, ասուլիսին ներկա ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն ասաց, որ ցանկացած հայտ գաղափարից մինչև ընդունում տևում է 3-4 տարի: Ըստ նրա, այս պահին բազմաթիվ հայտեր են քննարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկելու համար:

«Այժմ գաղափար կա ավելի կենտրոնանալ համաշխարհային ժառանգության ցանկի համալրման ուղղությամբ: Սա ավելի նյութական է, շոշափելի է, նպաստում է զբոսաշրջության զարգացմանը»,- նշեց նա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն ներառված է Հայաստանի կողմից ներկայացված չորս մշակութային արժեք՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում»:

ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդկային հիշողությունը» ցանկում ընդգրկված է Հայաստանի կողմից ներկայացվածերեք մշակութային արժեք ՝ «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը», Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ամբողջ հավաքածուն, «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը»:

ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ցայսօր ընդգրկված են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդավանքը Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր տաճարը, ինչպես նաև Զվարթնոց հնավայրը:

Տարածել`
Share

You may also like...