Հայկական տարազի պատմությունից

Ինչպես գիտենք, տարազը և զարդարանքները մեր նախնիներից մեզ հասած ամենանախնական երևույթների լուռ վկայութններ, որոնք առնչվում են ժողովրդի պատմական խոր անցյալին: Հետաքրքիր փաստեր են կարդում Քսենոփոնի մոտ: Վերջինս մի տեղ գրում է՝ արմեն երեխաների «բարբարոսակա զգեստների» մասին: Ակնարկել է նաև Տիգրանի խույրի մասին: Նրա մի ակնարկից պարզվում է, որ հայ ունևոր կանայք զարդեր կրելու սովորություն են ունեցել: Իսկ Կյուրոսի հետևյալ խոսքից երևում է, որ զարդեր կրել են նաև տղամարդիկ. «Դու ուղարկի՛ր որդուդ զորքի մեջ (ասում է Կյուրոսը հայոց թագավորի կնոջը) ու նրանցով (այսինքն՝ ոսկե դրամներով) ամենագեղեցիկ կերպով նրան զարդարիր»:

Ստրաբոնը ուշագրավ տեղեկություններ ունի Հայաստանին և հարևան երկրներին հատուկ այնպիսի կոշիկների մասին, որոնց ներբանները սուր գամեր ունեին: Ուղևորները այդ կոշիկներով դյուրությամբ հաղթահարում էին լեռնային ճանապարհների սառցապատ հատվածները: Հեղինակն ասում է, թե Կովկասում և Հայաստանում ու Ատրոպատյան Մարաստանում սառցապատ լեռները բարձրացողների «կրունկների տակ դնում են նաև փայտե անվակներ՝ տակին սուր գամերով»: Դրանք ինչպես երևում է, ալպինիստական սպորտային կոշիկներ հիշեցնող ոտնամաններ են եղել: Այսպիսի լեռներ բարձրացողները «իջնելու ժամանակ նստում են կաշու վրա՝ իրենց բեռներով և ցած են սահում, ինչպես անում են Ատրոպատյան Մարաստանում և մասիոս լեռան վրա՝ Հայաստանում»:

Տղամարդու ժողովրդական տարազի հակիրճ նկարագիր են թողել Փ. Բուզանդը և Թ. Արծրունին: Առաջինը գրում է. «Նրան պատահեց մի անծանոթ աշխարհական մարդ պատանի հասակով, ձի հեծած, մեջքին սուր կապած, գոտուց թուրը կախած, մեջքին աղեղ ու կապարճ, մազերը լվացած, օծած, կոկած, գլխին վարսակալ դրած, ուսին վերարկու ձգած»: Թ. Արծրունին սասունցիների մասին ասում է. «Եվ է զգեստ նոցա ասուիս ի ծածկոյթ մերկութեանեն, և օդ ոտիցն հնարաւորեն զձև կաւշկաց, ի մորթոց այծից կազմեալ, և միով կերակրով և միով հանդերձիւ բաւականանան զամառն և զձմեռն, և են ստացեալ զէնս աշտեայս հանապազ կրելով ընդ ինքեանս…»:

Աշխարհական զգեստներից հիշատակվում է տղամարդու վերարկու, որ օգտագործում էին բարձր խավերը, իսկ մաշկանափորտ կոչվածը, որ նշանակում է մաշկից վերարկու՝ մուշտակ, հավանորեն հասարակ խավերն էին օգտագործում:

Ֆեոդալական վերնախավի տարազը երկու տիպի է եղել՝ հայրենական և օտար: Հայրենականը օգտագործել են, ըստ երևույթին, ինքնուրույն թագավորությունների պայմաններում, իսկ օտարը՝ որևէ բռնատիրության շրջանում, պարտադիր կարգով: Օտար տարազն օգտագործել են նաև այն դեպքերում, երբ հայոց ազատ թագավորությունների շրջանում ինչ-ինչ առիթներով թագավորներն ու իշխանները հարևան արքունիքներից նվեր էին ստանում: Այդ բոլորը, որպես կարգ, պիտի լինեին շքեղաշուք և պատվական ակներով ու մարգարիտներով զարդարված: Պատմուճանը, որ երկար զարդարուն զգեստ էր, արքայական վերարկուները, անդրավարտիքները, գոտիները, թագերն ու գլխարկները, վարսակալները, խույրերը, սամույրները, կոշիկները, ծիրանիները ոսկերիչ ու ասեղնագործ վարպետների հմուտ ձեռքերով այնպես էին զարդարվում, որ լույսից փայլատակում էին, ինչպես նշում են պատմիչները: Գրեթե նույնպիսի զարդարանքներով էին օժտվում նաև հայոց զինվորական տոնական հագուստները, որոնց շուք էին տալիս ժամանակի զենքի տեսակները: Բուն պատերազմական գործողությունների ժամանակ հագնում էին պաշտպանական զգեստներ ու սաղավարտներ, որոնց մասին վկայում են հնագիտական գտածոները:

 

 

Թեման` armfvn.com-ի

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...