Հայկական տաճարների կառուցման հիմքերն ու առանձնահատկությունները

qahana.am-ը գրում է՝

Քրիստոնեական պաշտամունքների բազիլիկ կառուցվածքների մի մասը մնում է առանց գմբեթավորման /Քասախ, Եղվարդ, Երերույք, Ծիծեռնավանք/, իսկ մյուս մասի գմբեթավորումը ընթանում է երկու ուղղությամբ: Մի դեպքում հիմնովին քանդվել է բազիլիկ շենքը և նրա մասերի վրա ստեղծվել է հավասարաթև խաչաձև հորինվածք ունեցող կենտրոնագմբեթ տաճարի կերպը: Մեկ այլ դեպքում դրսից և ներսից խաչաձև տեսք ունեցող կառուցվածքի կոմպոզիցիոն համակարգը ներառվել է մեկ ընդհանուր ուղղանկյան մեջ և խաչաթևերի միջև առաջացած ազատ տարածություններում զետեղել մեկական սենյակ (Ս. Հռիփսիմե և այլն):
Որպես հիմնական շինանյութ գրեթե բոլոր պաշտամունքային կառույցներում օգտագործվել են տեղական բազմերանգ տուֆաքարը և բազալտը: Պատերը թե՛ դրսից, թե՛ ներսից մշակվել են սրբատաշ ողորկ մակերես ունեցող քարերով: Շարքի բարձրությունը տատանվում է 50-90 սմ, հորիզոնական ուղղությամբ շարվածքների միջև օգտագործվում են եզրակոսներ, որոնք խաղով հարստացնում են հուշարձանի գեղագիտական արտահայտչականությունը: Քարե զուգահեռ շարվածքների մեջ օգտագործվում է տուֆե խիբարով շաղախ: Քարի այս շարվածքը կոչվում է «Միդիս», որն անցնելով դարերի փորձություններով մինչ այժմ օգտագործվում է հայ շինարվեստում: 4-5-րդ դարերում շինության մեջ կրաշաղախի խիբարային զանգվածի հաստությունը կազմել է ընդհանուր պատի մեկ վեցերորդ մասը, իսկ հետագայում՝ սկսած 7-րդ դարից, այն հասնում է ընդհանուր պատի մեկ երրորդ հաստությանը, և քարը սկսում է կատարել երեսպատման ֆունկցիա: Այստեղ հիմնական կրող էլեմենտը դառնում է լցանյութ զանգվածը: Սա թույլ է տալիս, որ պատերի շարվածքում օգտագործվեն փոքրաչափ սրբատաշ քարեր: Այս դարերում կոթողները դրվում էին բարձր որմնախարիսխներով հարթակի վրա: Հզորանում են քարակերտ կամարներն ու թաղածածկերը, ձևավորվում են գմբեթակիր կառուցվածքները:
Հայկական գմբեթների օրգանական մասն է կազմում թմբուկը, որտեղ և բացվում են տաճարի կենտրոնական մասը լուսավորող բացվածքները: Առանձնակի տարածում են գտնում բուսական զարդաքանդակները: Դրանցում հիմնական տեղ են գրավում նուռը և հատկապես խաղողը:
Եթե եկեղեցու ընդհանուր կառույցը երկնքի մարմնացումն է, ապա նրա ներքին հարդարանքն ու ծիսական առարկաների ամբողջությունը նրա շնորհական մթնոլորտի նյութեղեն արտահայտությունն է:
Շինարարական աշխատանքներն անմիջապես ղեկավարում էր ճարտարապետը, ում աշխատանքը լիովին անջատվում էր սովորական վարպետների աշխատանքից, թեև առավել պատասխանատու հանգույցների մոդելները պատրաստում էր ինքը՝ ճարտարապետը: Կառույցները վեր էին խոյանում նախօրոք պատրաստված նախագծի համաձայն:
Եկեղեցակաև շենքերը նշահարվում էին հատուկ մշակված սկզբունքներով: Դրա մասին են վկայում 5-րդ դարի կաթողիկոս Հովհաննես Մանդակունու կանոնները եկեղեցու նշահարման վերաբեյալ:
Հայաստանում 4-6-րդ դդ. ստեղծվեցին միանավ դահլիճատիպ եկեղեցիներ: Դահլիճատիպ եկեղեցիները համարվում են հնագույն քրիստոնեական պաշտամունքային շենքերի տիպեր, որոնք օգտագործվում են 4-ից մինչև 19-րդ դարերը:
Արդեն 4-րդ դարի վերջին հայկական եկեղեցիներում խորանի աբսիդի կողքին առաջանում են ավանդատներ, որոնք այնուհետև դարձան ծառայողական սպասավորական միավորներ և պահպանվեցին եկեղեցական ճարտարապետության մեջ մինչև 19-րդ դարը:
Այնուհետև սկսում են զարգանալ եռանավ բազիլիկները, որոնք կոչված էին ծառայել խոշոր կրոնական կենտրոններում: Եկեղեցաշինության նոր արտահայտամիջոցների զարգացմանը նպաստեց այն հարուստ փորձը, որը ձեռք էին բերել հայ վարպետները ժողովրդական բնակելի տան փայտյա գմբեթների կառուցման ընթացքում, որն անշուշտ իր որակի ազդեցությունն ունեցավ քարային գմբեթների ձևերի մշակման ժամանակ:
Զարգացման հաջորդ փուլն արդեն բուն գմբեթի, ավելի ճիշտ նրա փոխանցման գոտու կատարելագործումն էր և քարի հեծանային կոնստրուկցիաներից կամարայինին անցնելը: Այս քայլն իրական հեղաշրջում մտցրեց հայկական գմբեթավոր կոնստրուկցիաների մեջ և եղավ այն հիմքը, որի վրա բարձրացավ 5-7-րդ դարերի ամբողջ գմբեթավոր ճարտարապետությունը: Գմբեթը երկնքի խորհուրդն է։ Այն սուրբգրքային երկինքն է երկրի վրա, որտեղ Տիրոջ գահն է (Սաղմոս ԺԱ 4):
Ավանդատների դասավորության, հատակագծային բազմազան լուծումների շնորհիվ պաշտանմունքային կառույցների քրիստոնեական եկեղեցու կազմավորումը հասնում է իր գագաթնակետին, որն էլ գրականության մեջ նշվում է իբրև հայկական դասական ճարտարապետության ոսկեդար:
Ավստրիացի պատմաբան Ժոզեֆ Ստրժիգովսկին իր ուսումնասիրություններից եզրակացնում է. «Իտալական վերածննդի մեծ ճարտարապետները լարեցին իրենց ուժերը՝ ձգտելով կառուցել գմբեթն այնպես, ինչպես Հայաստանում, որպես տարածության միավորը պսակող գագաթ: Այս նպատակին համապատասխան հաջորդ դարերում զարգացավ և հարատևում է մինչև մեր օրերը արևմուտքի ճարտարապետությունը»:
Քրիստոնեական տաճարաշինությունը հատկապես մեծ վերելք է ապրում 7-րդ դարի կեսերին, որն էլ ամենասերտ կերպով կապված էր Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի շինարարական գործունեության հետ և պատահական չէ, որ մատենագրության մեջ նրան շնորհել են «Շինող» պատվավոր մականունը: Նա հիմնադրեց հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը` Զվարթնոց տաճարը:
Տաճարի հոյակապ հորինվածքի հիմքը կազմում է տետրակոնխը: Այն կանգուն է մնացել շուրջ 300 տարի և միայն երկրաշարժի արդյունքում կործանվել է 930-1000 թվականներին:
Եթե համեմատելու լինենք հայկական քրիստոնեական եկեղեցիների 4-րդ դարի տիպերը, ապա կնկատենք, որ Զվարթնոցում ներքին տարածությունը մոտ 100քմ հատակագծային մակերեսում մեծացել է 15 անգամ: Սա վկայում է այն մասին, որ հայ քրիստոնեական եկեղեցին դարձել է ավելի ժողովրդական, և հաճախողների թիվը գնալով աճել է:
Քաղաքական արտաքին փոխհարաբերություններն ու ներքին սոցիալ-տնտեսական փոփոխությունները Հայաստանում նույնպես ազդում էին ինչպես ողջ մշակույթի զարգացման, այնպես էլ եկեղեցիական շինությունների ստեղծման և հետագա փուլերի կատարելագործման գործընթացի վրա: 7-րդ դարի երկրորդ կեսից մինչև 9-րդ դարի երկրորդ կեսը տեղի է ունենում դադար, և Բագրատունիների թագավորության ամրապնդումով ճարտարապետությունը սկսում է զարգանալ մինչև 13-րդ դարը:
12-13-րդ դարերում առաջանում են մեծ և հզոր վանքային համալիրներ, որոնք ունեին նաև համալսարաններ, որտեղ ուսուցանում էին աստվածաբանություն, ծիսագիտություն, մանրանկարչություն, հայրաբանություն, մատենագրություն և այլն: Այդպիսիք են Գլաձորը, Տաթևը, Սանահիևը: Որոշ վանքեր այնքան էին մեծանում, որ երբեմն նրանց մեջ ապրող վանականների թիվը հասնում էր 500-ի:
Հայ ճարտարապետության վանքային համալիրների մեջ հատուկ տեղ է գրավում Հայաստանի ամենանշանավոր վիմափոր կառույցը՝ Գեղարդի վանքը:
12-14-րդ դարերում Կիլիկյան Հայաստանում եկեղիցաշինության մեջ օգտագործվում է միանավ և եռանավ բազիլիկ, ինչպես նաև գմբեթակիր բազիլիկները /Սիս քաղաքի Ս. Սոֆիա եկեղեցին/:
1375թ. Կիլիկյան հայկական թագավորության տապալումից հետո ամբողջ երկրում դադարում է շինարարական կյանքը, ուստի նաև պաշտամունքային կառույցների շինարարությունը:
Սկսվում է մեծ արտագաղթ դեպի Ռուսաստան, որտեղ ազգային ճարտարապետության ավանդներով Հայ Առաքելական եկեղեցու թեմերում սկսվում է եկեղեցիների շինարարությունը։
Սկսած 17-րդ դարից Արևելյան Հայաստանում շինարարության ծավալման կենտրոն է դառնում Երևանը։ Այս շրջանում աչքի են ընկնում Խոր Վիրապի, Գնդեվանքի Ս. Աստվածածին, Մուղնու Ս. Գևորգ, Երևանի Ս. Զորավոր, Գյումրու Ս. Աստվածածին և այլ եկեղեցիներ։ Նոր հորինվածքները հատակագծային, ծավալատարածական լուծումներ չեն ստեղծում։ Դրանք հիմնականում կրկնում են գմբեթավոր սրահների և գմբեթավոր բազիլիկների տիպերը։ Գործածվող հնադարյան եկեղեցիներին արևմտյան ճակատներում կցվում են զնգակատներ, երբեմն էլ՝ սրահներ։
18-19-րդ դարերում Հայաստանի Արևմտյան և Արևելյան հատվածներում միասին վերցրած գրեթե ոչ մի արժեքավոր պաշտամունքային կաոույց չի ստեղծվում։
1923-ին ստեղծվեց հուշարձանների պահպանության պետական մարմին։ Մայր Աթոո Ս. Էջմիածնում ստեղծվեց ճարտարապետական խորհուրդ: Սկսվեցին քրիստոնեական և ընդհանրապես պատմական հուշարձանների պահպանության և վերականգնման հետ կապված միջոցառումներն ու ծրագրերը։ Բոլոր հաշարձանները ենթարկվում են գիտական մանրամասն հետազոտման, ուսումնասիրվում է նրանց պատմական անցյալը, կատարվում են չափագրություններ, լուսանկարվում և վերծանվում են արձանագրությունները, որից հետո որոշվում է նրանց հետագա ճակատագիրը։
Այս շրջանում վերականգնվում են հայկական ճարտարապետության բազմաթիվ նշանավոր հուշարձաններ, որոնք մեր ժողովրդի քրիստոնեական կյանքի ժառանգությունն են։
Հայոց երկիրը 21-րդ դարի շեմը հաղթահարեց որպես անկախ պետություն։ 2001 թվականին նշվեց քրիստոնեությունը Հայստանում որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակը:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Մայր Աթոռին է հանձնվել մոտ 150 հուշարձան /վանք կամ եկեղեցի/՝ անհատույց սեփականության իրավունքով: Սա, իհարկե, անկախության և պատմական արդարության արդյունքն է:

Տեր Բաբկեն քահանա Հարությունյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed