Հայկական հարսանիքի պատմությունը

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է հայկական հարսանիքի պատմությունը:

«Հայոց տոնածիսական համակարգում առանձնահատուկ տեղ ունի հարսանեկան ծեսը: Ցավոք, մեր օրերում գրեթե վերացել է հայոց ավանդական հարսանիքը, և օտար բարքերի ներխուժումը աղավաղեց նաև թերևս, ամենաավանդականը համարվող ծիսակատարություններից մեկը: Դրա վառ արտահայտություններն են ոչ միայն այսօրվա քաղաքային հարսանիքները՝ կին թամադայով, այլև՝ հայոց մեջ արմատացած, Կարմիր խնձորի մահմեդական սովորույթը…

Հարսանիքն ու նրան նախորդող արարողությունները բնորոշել են հին հայոց սոցիալական, կենցաղային, հարաբերությունները:

Առաջին փուլը, դա աղջկատեսի արարողությունն էր, որ կատարում էին տղայի տոհմի, գերդաստանի ավագ կանայք: Աղջկատեսի ժամանակ տղայի ընտանիքի անդամները չեն մասնակցում: Կանայք հյուր էին գնում, առանց ակնարկելու իրենց առաքելության նպատակը, չնայած, աղջկա ծնողների համար դա ինքնին պարզ էր: Երկրորդ այցը կատարում է տղայի տոհմի պատվարժան այրերից մեկը: Այստեղ նա խոսք է գցում ամուսնության մասին. Սովորաբար, խնամախոսությունն արվում է հետևյալ խոսքերով.

-Տանը լավ սերմ ունենք, ուզում ենք ձեր տնից մի բուռ հող տանենք ցանենք…

– Լսել ենք, որ այստեղ մի կարմիր խնձոր կա: Կուզենք տանենք մեր տղային, որ հոտ քաշի: Թե հոժար եք` նստենք, թե չէ` մենք գնացինք:

Կամ՝

-Եկել ենք մեր հացի համար ձեր տնից աղ տանենք,-նմանատիպ այլ խոսքերով…

Աղջկա ծնողները բնականաբար, սկզբից մերժում են, բերելով բազում պատճառաբանություններ:

Երբ խնամախոսները վերջնական համաձայնության են գալիս հարսի ծնողների հետ, հայրերը հաց կամ լավաշ են կիսում: Սկզբում ուտում են հայրերը, ապա հացը կիսում են նաև խնամախոսության մյուս մասնակիցներն ու հարսի տնեցիները: Այդ ծեսը կոչվում էր Խոսքկապ կամ Փոքր նշան: Նշանդրեքի արարողությունից հետո մինչ հարսանիք, փեսան իրավունք չուներ այցելել, տեսնել իր հարսնացուին:

Սակայն դա չէր խանգառում, որ փեսացուն երբեմն գիշերի հարսնացուի տանը, բնականաբար, գիշերելով առանձին սենյակում:

Խոսքակապի ժամանակ տղան հարսնացուին նվերներ է հանձնում: Հաջորդ օրը՝ խնամիները որպես նվեր գինի կամ օղի են ուղարկում միմյանց: Նորագույն շրջանում նշանադրության արարողությունը առատ սեղանների շուրջ է կատարվել:

Խոսքակապից հետո տղայի ծնողները մեկ-երկու օրից այցելում են խնամիներին՝ Հղե կտրելու: Այս այցելության ժամանակ նրանք պայմանավորվում են հարսանիքի ժամկետը, զրուցում նյութական խնդիրների մասին, հարսի հագուստի, նվերների, օժիտի մասին…

Բուն նշանդրեքի ժամանակ հարսին կանչում էին իր սենյակից: Սովորաբար նրան ուղեկցում էր եղբայրը կամ քույրը, ում փեսայի եղբայրը կամ քույրը պարտադիր նվեր էր տալիս:

Միաժամանակ, տղայի հայրը նվեր էր տալիս աղջկա մորը: Դա սովորաբար լինում է դրամի տեսքով և կոչվում է Կաթի փող: Այսինքն՝ վճարում է հարսին սնուցելու, պահել-մեծացնելու համար:

Ապա նախապատրաստվում են հարսանիքին:

Հարսանիքին նախորդած ուրբաթ օրը տղայի տանը մորթում են մսացու անասունը: Դա արվում է զուռնա-դհոլի նվագի ուղեկցությամբ: Ծեսը պարտադիր արվում է արևածագին: Ցլի գլուխն ուղղվում էր դեպի արևելք և մորթվում: Մորթից հետո փեսայի մայրը սպիտակ թելը թաթախում է ցլի արյան մեջ, կապում տղայի գոտուց, որպեսզի տղան առնական լինի: Ապա բարեկամներից մեկը սկուտեղի վրա լցնում է զանազան մրգեր, բանջարեղեն ու տանը վաճառք-աճուրդ կազմակերպում: Գումարը տալիս են փեսային:

Նույն օրը տեղի է ունենում փեսայի թրաշի արարողությունը: Դա ևս արվում է նվագածուների մասնակցությամբ: Տղայի բարեկամ աղջիկները երգում են փեսա-թագավորին գովերգող երգեր: Վարսավիրը թրաշելու հետ երգում էր փեսա-թագավորի գովքը: Նա նաև հանդերձավորում էր փեսային` ամեն գործողության համար առանձին ընծա վերցնելով քավորից: Ապա քավորը փեսային ու ազապներին բաղնիք է ուղեկցում, ուր փեսային լողացնում են ծիսական կարգով: Իսկ հարսին հանրային բաղնիքում լողացնում են փեսայի տոհմի տարեց կանայք: Ապա ընկերուհիները հինա են դնում հարսի մատերին:

Ալրմաղեքի ժամանակ՝ հարսանիքի նախօրեին,  հարսանիքի հացն ու գաթան են թխում:

Հալավօրհնեքի ժամանակ քուրմը կամ քահանան կատարում էին հարսի շորերի, փեսայի գդակի և քավորի սրի օրհնությունը:

Ծառ կապելը կենաց ծառի մանրապատկերը պատրաստելու արարողությունն է: Այս ծեսը կատարվում է թե՛ փեսայի, թե՛ հարսի տանը միաժամանակ:

Հարսանիքից մի օր առաջ փեսայի ընկերները քեֆ են անում ու որոշում ազապբաշուն` ազապների գլխավորին, աճուրդով:

Հաջորդ՝ շաբաթ առավոտյան, հարսանիքից առաջ հարսի տուն են հրավիրում նրա ընկերուհիներին, բարեկամ ազատ աղջիկների, ովքեր հանդերձավորում են հարսին: Ծիսակարգի գլխավորը սակայն, հասու կին պետք է լիներ, ով, երգելով հագցնում է հարսին և սովորույթի համաձայն, կիսատ թողնում գործը, ասելով, թե ինչ-որ տեղս ցավում է… Եվ շարունակում է գործը, երբ քավորկինը փող է տալիս նրան: Մինչ այդ, երբ կարում են հարսի շորերը, կտորի ավելացած մասերը բաժանում են հարսի ընկերուհիների միջև: Այս ծեսը կոչվում է Շորձևեք:

Հարսի կոշիկը պետք է իր կրտսեր եղբայրը կամ քույրը հագցներ:

Հարսին տնից հանելիս, հարսի եղբայրը դանակը խրում է տան դռանը և մինչև փող չտային` չէր հանում դանակը` բացելով մուտքը: Հարսը տնից դուրս գալուց առաջ խոնարհվում է հայրական տան օջախին՝ թոնիրին, դրանով հրաժեշտ տալով իր տոհմին:

Ապա հարսանքավորները հարսի տան սրահում նստում էին խնջույքի՝ ճամփելու հարսին: Սա արվում էր կեսօրին և սովորաբար յոթ կենացից ավել չէր կարելի խմել…»:

Ամբողջությամբ՝ tirar-travel.com

Նկարը՝ Ալբերտ Գաբրիելյանիա

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed