Հայկական եկեղեցուց մինչև մզկիթ

magnis.news-ը գրում է ՝

«Ակօս» թերթում լույս տեսած հոդվածի շնորհիվ տեղափոխվում ենք Դիարբեքիրի Սուրիչիում վերջերս այրված Քուրշունլու մզկիթի անցյալ: Սույն հոդվածը պատկանում է լուսահոգի Սարգիս Սերոբյանի գրչին:

Թե ինչպես Սուրբ Թեոդորոս եկեղեցին դարձավ Քուրշունլու մզկիթ

Որոշ պատմական կառույցների վերափոխումները շատ բան են պատմում տեղի ունեցածի վերաբերյալ: Ասածիս վառ օրինակն է հանդիսանում Դիարբեքիրի Սուրբ Թեոդորոս եկեղեցու` Քուրշունլու անվամբ մզկիթի վերածվելու պատմությունը: 1950-ական թթ. ԱՄՆ-ում լույս տեսած Տիգրան Մըգունդի «Ամեդի արձագանքները» աշխատությունում, որն այսօր շատ դժվար է գտնել, Տիգրան Մ. Բոյաջյանը ներկայացնում է այս շինությունների ողբերգական պատմությունները: Ձեզ ենք ներկայացնում այդ պատմություններից արված մի ծաղկաքաղ. «Մկրտիչ Նաղաշը Ամեդի հոգևոր առաջնորդն ու Սուրբ Թեոդորոս եկեղեցու արքեպիսկոպոսն էր: Եկեղեցին ավելի էր ընդարձակել և եկեղեցուն կից հոգևոր դպրոց բացել: Վանքի պարիսպները ձգվում էին ամրոցի պարիսպներից մինչև Սըրալար կոչված ջուլհականոցները, մինչև արևմտյան պարիսպներ՝ ներառելով նոր շուկան և ձիերի շուկան: Այստեղ էին նաև վանքի այգիները, գմբեթավոր սենյակները, կամարապատ բակերն ու առաջնորդարանը:
15-րդ դարի առաջին քառորդին՝ Հայաստանի պատմության ամենադժվարին ժամանակաշրջանում, իշխում էին աքքոյունլուներն ու քարաքոյունլուները: Քարաքոյունլուների գերիշխանության տակ էր Հայաստանն ու Իրանի հյուսիսը՝ Թավրիզ մայրաքաղաքով, իսկ աքքոյունլուների գերիշխանությունը տարածվում էր Հայաստանի հարավում, Միջագետքից մինչև սևծովյան նեղուցներ: Ամեդն էլ ընկած էր այս շրջանի մեջ: Նաղաշի օրոք աքքոյունլուների առաջնորդը սուլթան Օսմանն էր: Նաղաշը վերջինիս հետ բարեկամական հրաբերություններ հաստատելով՝ եկեղեցու գմբեթը վերանորոգելու թույլտվություն էր ստացել: Այդ ժամանակներում քրիստոնյաներն առանց իշխանությունների թույլտվության ոչինչ չէին կարող կատարել: Նման պայմաններում եկեղեցու գմբեթը վերանորոգելու համար փադիշահի ֆերման ձեռք բերելն ամբողջովին Նաղաշի դիվանագիտական հաջողությունն էր»:
Ենթադրվում է, որ Մկրտիչ Նաղաշը մահացել է Ամեդում և թաղվել Սուրբ Թեոդորոս եկեղեցում՝ համաձայն ժամանակի ավանդույթների: Բոյաջյանը, Ամեդի հպարտությունը համարվող Սուրբ Թեոդորոս եկեղեցու ոչնչացումը հայոց պատմության սև էջերից մեկը համարելով, գրում է. «Այն դեպքում, երբ մի հոգևորական եկեղեցու փառահեղության համար ողջ կյանքում ջանք չի խնայում՝ այն վերածելով ժամանակի մշակութային կենտրոնի, ցավոք, 75 տարի անց մեկ այլ հոգևորականի՝ մի նոր Վասակի ձեռքով եկեղեցին հանձնվում է կռապաշտներին, և Աստծո սրբացմանը նվիրված տաճարի անունն էլ վերածվում է Քուրշունլու մզկիթի»:
Մի դավաճանության պատմություն

«1516-1517 թթ. Ամեդ եկած օսմանյան արքայազնը, գոհանալով իրեն ցուցաբերած ընդունելությունից, ցանկանում է քաղաքին մզկիթ նվիրել: Քաղաքը շրջելով` հարմար վայր չի գտնում. բարձրանում է միջնաբերդի Վիրանքալե աշտարակ, աչքերը կապում և անհայտ ուղղությամբ նետ արձակում՝ ծայրին կարմիր ժապավեն: Այնուհետև մունետիկներ ուղարկում՝ հայտնելու, որ նետի ընկած վայրում մզկիթ է կառուցելու, իսկ տարածքի տիրոջն էլ առատաձեռն կերպով վարձահատույց է լինելու:

Մեկ շաբաթ անց Սուրբ Թեոդորոս վանքի խնամքի համար պատասխանատու վանականը վանքի կտուրին գտնում է կարմիր ժապավենով նետը: Թիկնոցի մեջ թաքցնելով, հաջորդ օրը նետը տանում է արքայազնին և ասում, որ քրիստոնյա հոգևորական է, սակայն որոշել է, որ իսլամն է ճշմարիտ կրոնը:

Արքայազնը հարցնում է, թե ու՞մ պետք է փոխհատուցի հողակտորի գինը: Վանականը պատասխանում է, որ եթե արքայազնը դեմ չէ, ապա ինքը կարող է բաժանել: Այնուհետև արքայազնը խոստումը կատարում է՝ հրամայելով իր գանձարանի ոսկիները թափել գորգին այնքան ժամանակ, երբ վանականը կասի «բավական» է: Դիզված ոսկու կույտից կուրացած վանականը վերջապես ասում է «բավ» է: Ահա այդ ժամանակ էլ արքայազնը հարցնում է.

-Ասացիր, որ երկար ժամանակ է, ինչ սիրում ես իսլամը: Մինչդեռ դու քրիստոնյա կրոնավոր ես, այնպես չէ՞:

-Այո՛, Ձերդ գերազանցություն,- պատասխանում է վանականը:

-Կարծեմ, դուք հոգևորական դառնալիս երդում եք տալիս, որ հավատարիմ կմնաք ձեր կոչմանը:

-Այո՛, Ձերդ գերազանցություն, սակայն դա քրիստոնեության համար է:

-Այժմ ինձ լավ լսիր: Ինչպես տեսնում եմ այս գորգի վրայի ոսկիների համար դու մերժում ես քո հավատքը: Աստծո անունով արածդ երդումը դեն ես նետում` փարաջայի պես: Ես կրոնական չեմ, սակայն վստահ եմ, որ ոչ մի իմամ կամ մյուֆթի քո պատմությունը լսելուց հետո համաձայն չի լինի, որ դու իսլամ ընդունես: Խղճո’ւկ արարած, դու հասկանու՞մ ես, թե քո ազգին ինչ վատություն ես անում: Քանի որ խոսքիս տերն եմ, հրամայում եմ գորգի վրայի ոսկիները պարկի մեջ լցնել, կապել իր հավատքը մերժող վանականի շալակին և քաղաքի հրապարակում գլխատել, իսկ այս կեղտոտ ոսկիներն էլ բաժանել քաղաքի աղքատներին:

Այնուհետև արքայազնը հրամայում է Սուրբ Թեոդորոս վանքի քահանայապետին նամակ գրել, բացատրել իրավիճակը և հրամայել՝ երեք օրվա ընթացքում լքել եկեղեցին՝ այն հանձնելով մուսուլմաններին:

Հայերը երեք օրվա ընթացքում տանում են այն, ինչ կարողանում են: Այն, ինչ էլ մնում է, մուսուլմանները հրի են մատնում: Այսպիսով՝ 1517 թ. Սուրբ Թեոդորոս վանքը հավերժ թաղվում է խավարում: Սուրբ Կիրակոս եկեղեցու գլխավոր մուտքի աջ կողմի պատի վրա կարդում ենք հետևյալ արձանագրությունը՝

«Սուրբ Թեոդորոս վանքը նահատակվել է 1517 թ.»:

Գեղեցկությանը նվիրած մի կյանք՝ Մկրտիչ Նաղաշյան

Ուշ միջնադարի հայտնի աշուղներից մեկը` մանրանկարիչ և հոգևորական Մկրտիչ Նաղաշը, ծնվել է Բիթլիսի Բոր գյուղում մոտավորապես 1394-1395 թթ.: Բացի աստվածաբանությունից և փիլիսոփայությունից, տիրապետել է նաև մի քանի արևելյան լեզվի ու դասական հունարենի: Կնոջ մահից հետո 1420 թ. գալով Միջագետք՝ Ամեդում հոգևորական է դարձել: 1430 թ. կաթողիկոսը նրան նշանակել է 24 գավառի եպիսկոպոս: Միջագետքի իշխան Օսման բեյի հովանու տակ նոր եկեղեցիներ է կառուցել, հները վերանորոգել ու դպրոցներ հիմնել: 1434 թ. իր նախագծով կառուցել է Էրգանիի Բարձրահայաց Մարիամ Աստվածածին եկեղեցին: 1439-1443 թթ. վերանորոգել է Ամեդի Սուրբ Թեոդորոս եկեղեցին: Տեղի մուսուլմանների զայրութի պատճառ է դարձել այն, որ եկեղեցու գբեթը քաղաքի մինարեներից ավելի բարձր է եղել: Օսման բեյին հաջորդած որդին՝ Համզան, հրամայել է քանդել եկեղեցու գմբեթը:
Այս ամենից շատ ազդված՝ Մկրտիչ Նաղաշը լքել է Ամեդը, գնացել Կոստանդնուպոլիս, ապա` Թեոդոսիա: Չորս տարի անց Համզայի որդի Ջիհանգիրը Միրզա Նաղաշին հրավիրել է Ամեդ՝ թույլ տալով գմբեթը վերակառուցել: Վերանորոգումն ավարտին է հասցրել Նեկամեդ վարպետը` 1447 թ.:
1470 թ. մահկանացուն կնքած Մկրտիչ Նաղաշն թողել է բազմաթիվ բանաստեղծություններ, հուշեր ու պատմական փաստաթղթեր:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed