Հայկական գինու առեղծվածը. տպագիր վավերացում

aravot.am-ը գրում է՝

Ֆրանսիացիներն ասում են՝ գինին ստեղծեցին հայերը, հույները դարձրին բիզնես, իսկ ֆրանսիացիները՝ արվեստ: Հարկ է նշել, որ առողջության համար գինու չափավոր օգտագործման դեպքում մարդն իրեն ապահովագրում է բոլոր տեսակի հիվանդություններից: Գրավոր աղբյուրներում էլ նշվում է, որ հայերը սիրել են գինի խմել ճաշից առաջ եւ ճաշի ժամանակ, գուցե ենթագիտակցորեն կռահելով նրա օգտակարության մասին: Ֆրանսիացի «Սյուզ լա Ռուս» գինու համալսարանի տնօրեն Ռենե Պայանը փաստում է, որ հայկական հողը խաղողի եւ գինու հնագույն օրրաններից է, ինչի վկայությունն է Արենի քարանձավի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գինու արտադրամասը, որն ունի ավելի քան 6100 տարվա պատմություն: Եվ չնայած պատմական խառը իրադարձություններին, Հայաստանում գինեգործությունը պահպանվել է: Մեր իրականությունում առաջին անգամ «Անտարեսը» հրատարակել է «Հայաստանի գինեգործությունը եւ հայկական գինիների ուղեցույցը»: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ 2015թ. հիշյալ գիրքը ներկայացվել է Ֆրանկֆուրտի գրքի համաշխարհային տոնավաճառում ու վերջերս հաճելի լուր է ստացվել, թե մրցույթում այն գրավել է 3-րդ տեղը՝ «Լավագույն եվրոպական գինու գրքեր» անվանակարգում: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ դեռեւս 2010թ.-ից «Անտարեսը» գինու շտեմարաններ է հրատարակել Վրաստանի գինեգործների ասոցիացիայի պատվերով: Հավաստիացրեց, որ իրենք էլ երազում էին մի օր հրատարակել բազմադարյա հայկական գինեգործությանը նվիրված գիրք, ինչն արդեն իրականություն է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Մեր զրուցակիցը փաստելով, որ Հայաստանում մարդկանց, այդ թվում՝ մասնագետներին համախմբելը հեշտ գործ չէ, գինեգործներին՝ հատկապես, այնուամենայնիվ, իրեն ծանոթ գինեգործների շնորհիվ ծանոթացել է գրքի հեղինակին՝ գինեգետ Անիկ Պետրոսյանի հետ: Պարոն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հեղինակը սովորել է Ֆրանսիայում: Հետաքրքրությանը, թե ասենք՝ վրացիների օրինակով, իրենք էլ չեն սահմանափակվի մեկ հրատարակությամբ, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ժամանակ առ ժամանակ մեզանում բացվում են նոր գինեգործական ընկերություններ, հետեւաբար այս գիրքը կունենա նաեւ շարունակություն: Ի վերջո, մեր նպատակն է համագործակցել աշխարհում հայտնի սոմելիեների, գինեքննադատների հետ՝ մեր գինիները ներկայացնել աշխարհին եւ ցանկություն ունենք անցկացնել մրցույթ, ինչպես նաեւ չենք մոռանում համերկրացի գինեսերներին եւ արդեն նախատեսել ենք մի աշխատություն, որը կվերնագրենք՝ «Ինչպես ընտրել գինի»: Հետաքրքրությանը, թե գուցե առաջիկայում համագործակցեն նաեւ տեղական ոգելից խմիչքներ, ասենք՝ օղի արտադրողների հետ, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Սպիրտի, ինչպես, օրինակ, հացահատիկի արտադրությունը, ստրատեգիական նշանակություն ունի: Իսկ Հայաստանն ունի թե սպիրտի, թե հացահատիկի դեֆիցիտ: Մենք պետք է հացահատիկի օղու սպառումը պակասեցնենք ու խրախուսենք բրենդիների, ինչպես նաեւ գինու եւ ավանդական գարեջրի արտադրությունը»: Հետո էլ հավելեց, թե իր ղեկավարած հրատարակչությունը հաջորդիվ կհրատարակի գրքեր դրանց մասին: ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/08/03/723203/

© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed